Սակայն հանձնաժողովը դա հակամրցակցային համաձայնություն չի համարում եւ տուգանել չի կարող
Պանրի գների բարձրացումից հետո, որի մասին առաջինը ահազանգել էր «Ազգ» -ը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թեեւ հրաժարվեց այդ երեւույթը դիտարկել հակամրցակցային համաձայնությունների ենթատեքստում, բայց հավելյալ ուսումնասիրություններ սկսեց այս շուկայում: Երեկ հանձնաժողովի նիստում եւ դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին պանրի շուկայում կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ պանրի շուկայում գործում են 78 ընկերություններ, որոնցից հանձնաժողովը տվյալներ է պահանջել առավել խոշոր 16-ից: Պարզվել է, որ շուկայում իրացման ամենամեծ բաժինն ունի «Աշտարակ-կաթը»ՙ մոտ 30 տոկոս, այնուհետեւ «Դուստր Մելանյա» ընկերությունըՙ 6,3 տոկոս, ապա «Արաքս էկոկաթ» ընկերությունըՙ մոտ 5 տոկոս: Այսինքն, այս երեք ընկերությունները միասին զբաղեցնում են շուկայի ավելի քան 44 տոկոսը: Այս ընկերություններից գներն ամենաշատը բարձրացրել է «Աշտարակ-կաթը»ՙ սեպտեմբերից սկսած 1500 դրամից աստիճանաբար բարձրացնելով մինչեւ 2500 դրամ (գործարանից բացթողնման գինը): Մյուսները հետեւել են այս ընկերությանը, բայց գները բարձրացրել են ավելի քիչ: Որպես գների բարձրացման պատճառներ նշել են կաթնամթերքի մթերման գների բարձրացումը, անասնագլխաքանակի անկումը, անբարենպաստ գյուղատնտեսական տարին:
Ըստ պանիր արտադրողներից ստացված տեղեկությունների, 1 լ կաթի մթերման գինը 100-120 դրամից բարձրացել է մինչեւ 160 դրամի: Այս գործոնը հաշվի առնելով, ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների, պանրի գները պետք է բարձրանային 380-400 դրամով, բայց բարձրացել են ավելի քան 800 դրամով: Փաստորեն, հանձնաժողովն ամրագրել է, որ տեղի է ունեցել գների անհիմն, կամ ինչպես Արտակ Շաբոյանն ասաց, կաթի մթերման գներից ավելի բարձրացում: Ընդ որում, նոյեմբերի 19-ից սկսած, դարձյալ նախ «Աշտարակ-կաթը», ապա մյուս ընկերություները որոշակիորեն նվազեցրին պանրի գները: Այս երեւույթը պարզաբանելով, Արտակ Շաբոյանը նշեց, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող չկա, բայց «Աշտարակ-կաթի» ունեցած բաժինը մոտենում է օրենքով նման դիրք ունեցողի սահմանինՙ իրացման շուկայի 33 տոկոսին: Ըստ նրա, նման դեպքերում միջազգային փորձը նկատի ունենալով, տվյալ ընկերությունը ճանաչվում է գերիշխող դիրք ունեցող, բայց մեր օրենսդրությունը նման բան չի նախատեսում: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ օրենքի նոր փոփոխություններով այդ հնարավոությունը հանձնաժողովին կտրվի:
Միաժամանակ, հանձնաժողովի նախագահը ընդունելով հանդերձ, որ տեղի է ունեցել գների անհիմն բարձրացում, բայց օրենքի թերության պատճառով չի կարող տուգանել խախտողին, հրաժարվեց այս փաստը համարել հակամրցակցային համաձայնություն: Ըստ Արտակ Շաբոյանի, նման փաստ չի բացահայտվել: Այս կապակցությամբ «Ազգի» այն դիտարկմանը, որ օրենքի 5-րդ հոդվածը հակամրցակցային համաձայնություն է որակում, երբ շուկայում երկու եւ ավելի տնտեսվարողներ միաժամանակ բարձրացնում կամ իջեցնում են ապրանքների գները, ինչն արձանագրվել է պանրի շուկայում, հանձնաժողովի նախագահն ասաց, որ շուկայում այդ երեւույթն արձանագրելը չի նշանակում բացահայտել հակամրցակցային համաձայնություն: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչի՞ համար է օրենքի վերոնշյալ հոդվածը, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ դա օրենքի բացերից մեկն է:
Հանձնաժողովը երեկ այդուհանդերձ մի քանի օգտակար բացահայտումներ կատարեց: Նախ, որ հայրենական պանիր արտադրողները պանրի մեջ օգտագործում են կաթի փոշի, ինչը նրանք հերքում էին, իսկ որոշ արտադրողներ էլ կաթի մեջ օգտագործում են սոդա: Բացի այդ, ինչպես եւ մեր տնտեսության այլ ոլորտները, պանրի շուկան եւս խոր ստվերի մեջ է գտնվում: Պարզվում է, որ ըստ արտադրողների ներկայացրած տվյալների Հայաստանում, որտեղ պանիրը ամենամեծ սպառումն ունեցող ապրանքներից է, 10 ամսվա ընթացքում մեկ շնչի կողմից սպառվել է միջինը 630 գրամ, իսկ, օրինակ, Լիտվայում, Ռուսաստանում կամ այլ երկրներում այդ ցուցանիշը 10 կգ-ից ավելի է: Իր ընդունած որոշման մեջ այս փաստերն արձանագրելով, հանձնաժողովը որոշեց դրանք ուղարկել պետական եկամուտների կոմիտե եւ գյուղնախարարություն: Առաջինին, որպես իրական շրջանառությունը վկայակոչող տվյալներ, իսկ գյուղնախարարությանը, որպեսզի պարտավորեցնի պանիր արտադրողներին մակնշելու կաթի փոշու առկայությունը եւ չափը պանրի մեջ, իսկ կաթի մեջՙ թույլ չտալու սոդայի պարունակություն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ