«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՊԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այս մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը :

«Նիստի ընթացքում կքննարկվեն կազմակերպության հերթական նիստի օրակարգը, ճգնաժամային հակազդման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կարգավիճակի հարցեր: Կքննարկվեն փաստաթղթերի նախագծեր, որոնք կարգավորում են ՀԱՊԿ գործունեությունը ռազմատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության ոլորտում: Նիստի արդյունքներով ճգնաժամային հակազդման համակարգի կատարելագործման առնչությամբ բոլոր փոփոխությունները կներառվեն հավաքական անվտանգության պայմանագրի ու ՀԱՊԿ կանոնադրության մեջ», ասել է ՀԱՊԿ մամլո քարտուղարը: Վլադիմիր Զայնետդինովի խոսքովՙ փաստաթղթերում ամրագրված նորմերը հնարավորություն կտան կարգավորելու ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի տեղակայման ու այլ երկրների սահմանը հատելու, այդ ուժերի կողմից ծառայությունների մատուցման ու դրանց մատակարարումների հետ կապված հարցեր: Նրա տեղեկացմամբՙ ընդհանուր առմամբ նախապատրաստվել է փաստաթղթերի երեք փաթեթ, որոնց շուրջը երկրների ղեկավարները համաձայնության են հասել օգոստոսի 20-ին Երեւանում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4