«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2010-12-03 | #224, 2010-12-04 | #225, 2010-12-07


ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԿՄԵԿՆԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ

Հայաստանը որոշել է ավելացնել Աֆղանստանում իր զինվորականների թիվը: Այդ մասին խոսել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն եւ դաշինքում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը անցած շաբաթավերջին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Հանդիպման մասնակիցները քննարկել են ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման, ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները»: «Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին:

Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը», ասված է հաղորդագրությունում: Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին տեղեկացրել է նաեւ իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ: Հիշեցնենք, ինչպես շաբաթ օրվա համարում տեղեկացրել էր «Ազգը» , նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նոր ղեկավար է նշանակվել Արմեն Եդիգարյանը:

Հավելենք նաեւ, որ Հայաստանի զինված ուժերի այս պահին` 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել այս տարվա փետրվարին: Ստորաբաժանումն ապահովում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4