Նշվեցին որպես հայ-ռուսական համագործակցության ոլորտներ
Ռուս-հայկական գործարար համաժողովը երեկ բացվեց Երեւանում, որին մասնակցում էին երկու երկրների գործարար պատվիրակությունները, իսկ կազմակերպիչներն էին Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատները: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը : Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նա մատնանշեց, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 բիզնես գործընկերն է, եւ մեր երկրում կատաված ներդրումների մոտ կեսը ռուսաստանյան ներդրումներն են: Սկսած 2005-ից, երբ 2 երկրների առեւտրաարդյունաբեական պալատները ստորագրեցին համագործակցության պայմանագիր, ըստ Մարտին Սարգսյանի, Ռուսաստանից Հայաստան արտահանումն ավելացել է 4 անգամ, Հայաստանից Ռուսաստանՙ 2 անգամ: Մասնավորապես, Հայաստանից արտահանվել են սննդամթերք, հյութեր, գինի, կոնյակ, դեղամիջոցներ, սարքավորումներ, կաուչուկ, կոշիկ եւ այլն, Ռուսաստանից Հայաստանՙ դարձյալ սննդամթերք, մեքենասարքավորումներ, տրակտորներ, սառնարաններ, կենցաղային տեխնիկա եւ այլն: Սակայն, ՀԱԱՊ նախագահի կարծիքով, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ավելի մեծ էՙ շփման եզրեր կարելի է գտնել երկու երկրների գործարարների եւ գիտնականնների միջեւ:
Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի ելույթում ընդգծվեց, որ այդ համաժողովին ներկա են Ռուսաստանի արդյունաբերական համարում ունեցող տարածաշրջաններըՙ Ուրալը, Հարավային Ուրալը, Պերմը, ինչպես նաեւ Մոսկվան: Նրա հավաստմամբ, Ռուսատանի արդյունաբերական ներուժը միայն Մոսկվան չէ, այլեւ տարածաշրջանները: 2009, ըստ Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի, դժվար տարի էր Ռուսաստանի տնտեսության համար, բայց Հայաստանի հետ Ռուսաստանի առեւտրաշրջանառության ծավալներն ավելի քիչ կրճատվեցին, քան այլ երկրների: Այս տարի, Գեորգի Պետրովի կարծիքով, Ռուսաստանի տնտեսությունը կունենա շուրջ 4 տոկոսի աճ, որը, սակայն, կլինի վերականգման աճ: Խոսելով Ռուսաստանի ղեկավարության առաջ քաշած տնտեսական առաջնահերթությունների մասին, ելույթ ունեցողն ասաց, որ Հայաստանն ընդգրկված է այդ ցանկում, որի հետ համագործակցության լուրջ ծրագրեր կան միջուկային էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղարտադրության եւ այլ ոլորտներում:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Հայաստանի կառավարության անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նշանակալից համարեց, որ այն հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համարՙ առեւտրաարդյունաբերական պալատների աջակցության ներքո: Այս առումով կարեւորվեց նաեւ, որ բացի խոշոր նախագծերից, զարգանում են փոքր եւ միջին ձեռնարկությունների, երկու երկրների տարածաշրջաններիՙ (մարզերի եւ նահանգների) միջեւ գործարար կապերը: Էկոնոմիկայի նախարարը փաստեց, որ Հայաստանի մարզերի հետ առավել ակտիվ համագործակցում են Մոսկվան, ապա Մոսկվայի, Յարոսլավլի, Ռոստովի մարզերը, Սանկտ Պետերբուրգը: Էներգետիկա, հանքահումքային արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն եւ այլնՙ սրանք Ներսես Երիցյանի հիշատակած այն ոլորտներն են, որտեղ կարող են զարգացնել համագործակցությունը երկու երկրները:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր ելույթում տեղեկացրեց, որ եկող տարվա առաջին կեսին տեղի կունենա Ռուսաստանի նահանգների եւ Հայաստանի մարզերի ղեկավարների հանդիպում եւ այդ տարածաշջանների ձեռնարկությունների արտադրատեսակների ցուցահանդես:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ