«Սոցիալական գործընկերությունը եւ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները» ֆորումի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կազմակերպվել էր առաջին թեմատիկ հանրային քննարկումը: Ընտրված թեման էր «Ձեռնարկատիրության առկա վիճակը եւ զարգացման ապագա ռազմավարությունները»: Քննարկման կազմակերպիչներն էին «Օրինաց երկիր» կուսակցությունն ու Հայաստանի գործատուների միությունը: Քննարկումը կազմակերպվել էր «Անի» հյուրանոցում, մասնակցում էին պետական գերատեսչությունների, բիզնես ասոցիացիաների եւ հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները, նաեւ արհմիությունները, ՕԵԿ-ը, որը հենց նախաձեռնել էր քննարկումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը . «Այսօրվա քննարկումը սոցիալական գործընկերության լավ օրինակ է, որի արդյունքում կարող են ծնվել նոր, հետաքրքրական գաղափարներ: Մեր համոզմամբ` հարկային ու մաքսային վարչարարության հետեւողական կատարելագործումը, տեղական արտադրության խթանումը կարող են հանդիսանալ շատ կարեւոր նախադրյալներ ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլեւ այսօր առկա գների աճը մեղմելու եւ այնպիսի մեխանիզմներ մշակելու համար, ինչը հնարավորություն կտա մեր ձեռներեցներին Հայաստանում անարգել զարգացնելու իրենց բիզնեսը»:
ՕԵԿ-ի նախագահի փոխանցմամբ` ձեռներեցության զարգացման խոչընդոտները բազմաթիվ են, դրանք հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը նույնպես քիչ չեն: Ա. Բաղդասարյանը նշեց, որ կառավարության եւ «Օրինաց երկիր» կուսակցության համահեղինակած օրենքը հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ: Խոսքը վերաբերում է «Արտոնավճարների մասին» ՀՀ նոր օրենքին, որի ընդունումով շուրջ 40-50 հազար ձեռներեցներ այլեւս առնչություն չեն ունենա ստուգող մարմիններին, այսինքն` նրանք կմուծեն մեկ հաստատագրված արտոնավճար: Իր խոսքի մեջ Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց. «Բիզնեսը չպետք է լինի սպորտի եւ պատերազմի կոմբինացիա: Եթե պետությունը չի կարողանում օգնել, պետք է գոնե չխանգարի ձեռներեցության զարգացմանը եւ այն մարդկանց, որոնք մտադիր են այս երկրում գործունեություն ծավալել, աշխատատեղեր ստեղծել եւ հոգալ մարդկանց սոցիալական խնդիրները»:
Այնուհետեւ առանձին խոսքով հանդես եկան էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը , գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանը , պետեկամուտների կոմիտեի հարկային ու մաքսային գործընթացների վարչության պետ Կարեն Բեգլարյանը եւ ուրիշներ: Մուշեղ Թումասյանը ներկայացրեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության նախագիծը, որը կառավարությունում քննարկման փուլի մեջ է:
Կարեն Բեգլարյանն էլ իր ելույթում նշեց, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտների բարձրացրած հարցերը վերաբերում են հարկային ու մաքսային վարչարարությանը. «Անկեղծ ասեմ` մենք չենք կարող ինքնուրույն բացահայտել մեր թերությունները: Դրանք բացահայտում ենք հանդիպումների, թեժ գծով բարձրացրած բողոքների ժամանակ եւ փորձում ենք շտկել այդ թերությունները»: Կարեն Բեգլարյանը նաեւ հակիրճ ներկայացրեց վարչարարության բարելավմանն ուղղված այն միջոցառումները, որոնք իրականացնում է պետեկամուտների կոմիտեն:
Քննարկումը ներառում էր մտքերի փոխանակումներ, առանձին ելույթներ: Առհասարակ, նման քննարկումները կարեւոր են, որովհետեւ նաեւ ծնվում են նոր գաղափարներ, որոնք կարող են ծառայել ընդհանուր նպատակի իրագործմանը:
Ի. Պ.