«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՆՈՒՅՆԻՍԿ 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ

Խոսել Ամանորից եւ միաժամանկ չխոսել սննդամթերքի թանկացումներիցՙ անհնարին է: «Նախատոնական օրերին մեր գործարարները սկսում են մտածել ավելի շատ շահույթ ստանալու մասին», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը : Նրա կարծիքով` պետությունը պետք է զսպի գնային քաղաքականությունը, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում, որտեղ նախատոնական օրերին սննդամթերքի գները բարձրանալու փոխարեն իջնում են: «Ամանորի շեմին մի քանի անգամ շատ սննդամթերք է վաճառվում, հետեւաբար քաղաքակիրթ երկրներում սպառողներին հաճոյանալու համար դրանց գներն իջեցնում են, իսկ մեզանում հակառակն է արվում», «Հայացք» ակումբում նշեց Մելիտա Հակոբյանը, ապա հավելեց, որ գները թանկացնում են հատկապես ներկրողները. «Առայժմ սննդամթերքը թանկացել է 10 տոկոսով, բայց մինչեւ դեկտեմբերի 31-ը դեռ էլի կթանկանա` մինչեւ 50 տոկոս եւ ավելի»:

Անդրադառնալով տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բացահայտումներին, թե հայրենական պանիր արտադրողները պանրի մեջ կաթի փոշի են օգտագործում, իսկ որոշ արտադրողներ էլ կաթի մեջ սոդա են օգտագործում, Մելիտա Հակոբյանն ասաց. «Պետական այդ հանձնաժողովում չկա որեւէ մասնագետ, որը կարողանար նման հայտարարություն անել: Այդ ստուգումներին մասնակցել են նաեւ մեր անդամները: Մեր մասնագետները աշխատել են այնտեղ, բայց այդ մասին մեզ տեղյակ չեն պահել: Չոր կաթ օգտագործելով` տնտեսվարող սուբյեկտը ոչ մի հանցագործություն չի կատարում, քանի որ չոր կաթը նույն կաթն է եւ ավելի անվտանգ»:

Ինչ վերաբերում է պանրի մեջ սոդա գցելուն, Մելիտա Հակոբյանը դա նույնիսկ ծիծաղելի համարեց. «Պանրի մեջ սոդա չի օգտագործվում, իսկ կաթի վերաբերյալ էլ ասեմ, որ ես չգիտեմՙ կաթի ո՞ր տեսակների մեջ են սոդա հայտնաբերել»: Մելիտա Հակոբյանը խոստովանում է. «Նախօրոք իմանալով, թե ի՞նչ են նախապատրաստում մեր արտադրողների գլխին, մենք նրանց արտադրանքը ստուգման ենք տվել լաբորատորիա ու ոչ մի ավելորդ նյութ ու ձեր ասած սոդան չենք հայտնաբերել»:

Մ. Հակոբյանի փոխանցմամբ` այդ ստուգումները կատարվել են վերջին 10-15 օրվա ընթացքում. «Միայն որոշ արտադրողների թթվասերի մեջ օսլա ենք հայտնաբերել»: Բացի յոգուրտից, ոչ մի կաթնամթերքի մեջ օսլա օգտագործել չի կարելի: Թե ո՞ր արտադրողների կամ ֆիրմաների կաթնամթերքի արտադրանքի մեջ են հայտնաբերվել խախտումները, Մելիտա Հակոբյանը չնշեց. «Պետական մարմինները, որոնք ունեն բոլոր լծակները, չեն ասում արտադրողների մասին, դուք ուզում եք, որ հասարակական մարմիններն անուններ ասեն: Մենք «խեղճ ու կրակ» ՀԿ ենք, անուններ տանք, կընկնենք կրակը»:

Ասուլիսի մյուս բանախոսըՙ Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան շուրջ 150-ից ավելի կազմակերպություններ, որոնք պանիր են արտադրում, սակայն այսօր մենք չունենք պանրագործ վարպետներ:

Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն անդրադարձավ այլ սննդատեսակների որակին: Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ալրային հրուշակեղենի քանի՞ տոկոսն անհայտ ծագում ունի, Ֆ. Հայթյանն ասաց. «Մեր շուկայում իրացվող ալրային հրուշակեղենի 40-45 տոկոսն անհայտ ծագում ունի: Ընդհանրապես, եթե այդ ապրանքը մակնշում չունի, մնացածի մասին խոսելն ավելորդ է, դա արդեն խոտան է»:

Ասուլիսի ընթացքում բանախոսները կոչ արեցին սպառողներինՙ չգնել անհայտ ծագում ունեցող սննդամթերք: «Մենք տարեկան 50-60 կիլոգրամ ներկ ենք ուտում», ասաց Մ. Հակոբյանը: Ներկը մեր օրգանիզմ է փոխանցվում կեղծ կոնֆետների, անհայտ ֆիրմաների շոկոլադների միջոցով, ուստի պետք է խուսափել անհայտ ֆիրմաների կոնֆետները գնելուց:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4