«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԻՍԱՇՐՋԱՆՈՒՄ

Կյանքի հարուստ փորձ ունի Գոհար Աճեմյանը ՙ հետաքրքրական դիպվածների ու հանգամանքների, ներքին համոզմունքների թելադրանքով կարծես, փնտրտուքների արդյունք նաեւ: Իր ծննդավայրը Կրասնոդարի հեռավոր Դուբինկա գյուղն էր, որտեղ հանգրվանած հայկական ընտանիքի տարագիր ճակատագիրը անցյալ դարասկզբին արեւմտահայերին պատուհասած 1915-ի արհավիրքի հետեւանք էր: Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, որտեղ էլ ձեւավորվեց Գ. Աճեմյանի կենսագրությունըՙ նախ Բրյուսովի օտար լեզուների ինստիտուտում ուսանելով, ապա աշխատանքային գործունեությամբՙ ռադիոհեռուստահաղորդումների տարբեր խմբագրություններում, իսկ 1975-ից նրա աշխատանքային վայրը Գրողների միությունումՙ նախ խորհրդատու, ապա գրողների տան տնօրեն, մինչեւ վերջին տարիներս մնաց անփոփոխ: Մանավանդ խորհրդային տարիներին մշակութային այդ օջախը, ներքին կենսագրություն ձեւավորելու դարբնոց կարող էր լինել` հնարավորությունները ճիշտ օգտագործելու, ուժերը ճիշտ ուղղորդելու պարագայում: Ահա թե ինչպես է գնահատում նրա այդ տարիների գործունեությունը Գրողների միության ներկայիս նախագահ Լեւոն Անանյանը. «Շուրջ 5 տասնամյակ, մի ամբողջ կյանք, Գոհար Աճեմյանը մեր մշակութային արժեքների քարոզչության եւ հանրայնացման առաջին խրամատում էՙ իր կարեւոր նպաստը բերելով մասնավորապես արդի գրական գործընթացի աշխուժացմանը: Գրողների տան հարկի ներքո քանի՜ անմոռաց միջոցառում, հանդիպում ու քննարկում է եղել, եւ հաճախ չես էլ հիշում, թե այդ ամենի համար պարտական ես տիկին Գոհարին, որ հմուտ ռեժիսորի նման ձեռքն է վերցնում իր իսկ հեղինակած ներկայացումների կազմակերպչական թելերըՙ մտահղացման անակնկալից մինչեւ իրականացման պատասխանատվությունը»:

Գոհար Աճեմյանին ճանաչում եմ վաղուց` այդ տարիներից դեռ, եւ «Ազգի» խմբագրությանն էլ աշխատակցում է նա արդեն բավական ժամանակ: Միջավայրը եւ աշխատանքային փորձը, անշուշտ, օգնել են ձեւավորելու աշխարհայացքային եւ վերաբերմունքային որոշակի սկզբունքներ: Իսկ նշանավոր շատ անձերի հետ հանդիպումներն ու ծանոթությունները հենց այնպես կողքով չեն անցել: Հանգամանքների բերումով թե՛ խորհրդային տարիներին, թե՛ դրան հաջորդող շրջանում նա բազմաթիվ առիթներ է ունեցել լինել արտերկրում, շփվել սփյուռքահայության հետ, ձեռք բերել մտերիմներ ու բարեկամներ:

Մասնավորապես հաճախակի է եղել Ֆրանսիայում եւ կարծես ավելի հոգեհարազատ իրեն զգում է ֆրանսիական մշակույթին ու ֆրանսահայությանը: Դեռ 1972 թվականին նա կարողացել է տեսակցություն ունենալ Սան Ռաֆայելի ծերանոցում իր կյանքի վերջին օրերը անցկացնող Շահան Շահնուրին, որի անդրադարձները, հուզիչ ապրումները նա հետագայում ամփոփել եւ տպագրել է: Եվ առհասարակ որեւէ նման առիթ, նման պահ հանդիպմանՙ վավերացնելու, թղթին հանձնելու, հրապարակելու առիթը բաց չի թողել: Դրանք ավելի ուշ ամբողջացել են 4 ժողովածուներումՙ «Մարիետա Շահինյանի հետ», «Հիշատակի խարույկ», «Սեւդ նուազ, ճերմակդ շատ» եւ վերջինըՙ 2010-ին «Մենք, տղաներն սփյուռքի»: Գնահատելի խանդավառությունՙ հայ մշակույթին, գրականությանը նրա չխամրող նվիրումը, հետաքրքրությունները, արվեստային նախասիրությունները, ճաշակը եւ հատկապես իր ընտրությունը: Նրաՙ այսպես ասած հարցազրույցային հերոսները մշակույթի, արվեստի որեւէ ասպարեզի նշանավոր մարդիկ են, անպայմանորեն իրենց անհատական դրոշմը թողած եւ վաստակած մտավորականներ: Ահա վերջին ժողովածուն ասվածի հաստատումն է. ո՞ւմ վրա է նրա հայացքը կենտրոնանում, ո՞ւմ գործն է կարեւորում, ինչը նաեւ որոշակի վերաբերմունք էՙ խունացող ու մտազրկվող մեր ժամանակի մեջ մտավորական կյանքի տրոփը արժեւորելու, պահպանելու ակնարկ: Ահավասիկ այս վերջին գրքի ետնաշապիկին է մտավորականների լուսանկարներՙ Ժանսեմ, Կլոդ (Արմեն) Մութաֆյան, Գրիգոր Պըլտյան, Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյան, Ստեփան Ալաջաջյան, Վահագն Գրիգորյան, Տիգրան Լեւոնյան, Վահրամ Զարյան, Ասիլվա: Նրանց հետ հարցազրույցներից մի մասին ընթերցողը ծանոթ է «Ազգի» մշակութային հավելվածից , ինչպեսՙ տարբեր առիթներով Կլոդ Մութաֆյանի, Ժան-Պիեռ Մահեի, Վահագն Գրիգորյանի, Գրիգոր Պլըլտյանի, Ասիլվայի հետ հանդիպումների տպավորությունները, զրույցները:

Գ. Աճեմյանի հարցազրույցներին բնորոշ է իր հերոսների հետ ակտիվ հաղորդակցումը. դրանք ավելի քան անմիջական ու ինքնաբուխ են, մտերմիկՙ ասես վաղեմի հարազատի հետ խոսք ու զրույցի բռնված, միաժամանակ զուսպ ու որոշակի նպատակադրումով, առանց ինչ-ինչ զեղումների: Սա, իհարկե, իր պատճառներն ունիՙ ոչ միայն ճանաչողության կամ աշխարհահայացքային, այլեւ ներքին զգացողական վիճակի ու ընդհանրության, որ հաղորդական միասնական դաշտ է ստեղծում դիմացինի հետՙ ապրումի, ընկալման ու մտահոգությունների: Եվ դա նախեւառաջ Սփյուռքն էՙ իր ձեւավորման հիմնապատճառով ու հիմնախնդիրներով, հայ մարդու ու նրա մշակույթի նկարագրի պահպանումը, հայրենիքի հետ կապը: Այդ կապը, սփյուռքի այդ տղաների հետ մտքի կամարումները իր միջնորդությամբ մեզ են փոխանցում արժեքների նոր որակներ, որոնց կրողները թե՛ սփյուռքում, թե՛ այստեղ հոգեւոր միեւնույն տան շինարարներն ենՙ հայոց գրի ու մշակույթի:

Գիրքը աշխատված ու կազմված է խնամքով, ընտրված լուսանկարները լրացնում են մթնոլորտը, որոշները վերհուշի առիթներ են տալիս անցած-գնացած սիրելի մարդկանց մասին: Գրքի վերջին էջերին զետեղված են տեղեկություններ հեղինակի մասին եւ մամուլի մի քանի արձագանք: Առաջաբանըՙ Լեւոն Անանյանի, տպագրությունը իրականացրել է «Վան Արյան» տպագրատունը, հովանավորներՙ Հայկուհի Դամլամյան (Փարիզ), Վարդուհի եւ Համբարձում Դավիթյաններ (Կիպրոս):

Հեղինակը գիրքը նվիրել է ընկերներիՙ Արեւիկ Ավագյանի եւ Արմեն Մարտիրոսյանի պայծառ հիշատակին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4