«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ

Քաղաքապետը ստիպվեց հրաժարական տալ

Սրընթաց զարգացող իրադարձությունների արդյունքում երեկ հրաժարական ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Սա այն միջադեպի հետեւանքն էր, որ ծայր էր առել Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ, հասարակ արարողակարգային իրավիճակից, սակայն անսպասելի ավարտով: Երեկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ի վերջո հաստատեց միջադեպը, ինչի մասին գրել էինք նախորդ համարում, թե քաղաքապետը ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին. «Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս», նկատել է Արզումանյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը եւս օրվա երկրորդ կեսին հաստատեց քաղաքապետի հրաժարականի առկայությունը: Տեղական ինքնակառավարման մասին օրենքով` հրաժարականի դեպքում քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են, որից հետո ավագանու սահմանած ժամկետում արտահերթ ընտրություններ են անցկացվում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Այսինքն` մինչեւ հունվարի առաջին տասնօրյակի վերջը նոր քաղաքապետ պետք է լինի:

Իսկ մինչ այդ քաղաքապետի լիազորություններն իրականացնում է քաղաքապետի առաջին տեղակալը, որը Տարոն Մարգարյանն է, եւ ըստ մեր աղբյուրների` ՀՀԿ-ն հենց նրան էլ առաջադրելու է քաղաքապետի թեկնածու: Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը նիստ էր հրավիրել` ստեղծված իրավիճակը քննարկելու համար, որին մասնակցում էր նաեւ ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ կարելի է ասել: Թվում է ամեն ինչ անսպասելի էր եւ պատահական հանգամանքների զուգորդում: Սակայն եթե լավ մտածենք` այնքան էլ չէ: Մեր պաշտոնյաներից շատերի կրթության, ինտելեկտի եւ դաստիարակության պակասը հաճախ է նրանց սխալ ուղիով տանում անսպասելի կամ անկանխատեսելի իրավիճակներում, իսկ տղայական «ռազբորկաների» սովոր նրանց վարքուբարքը հաճախ թույլ չի տալիս ըմբռնել, որ իրենք ոչ թե սոսկ տղամարդիկ եւ տղայական պատվի կրող են, այլ պաշտոնյա, պետության դեմք, պետության արժանապատվությա՛ն կրող: Ցավոք` այդպիսի պաշտոնյաներ դեռ շատ ունենք, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ պատահածը թող դաս լինի ե՛ւ այդ կարգի պաշտոնյաների, ե՛ւ նրանց նշանակողների կամ առաջ քաշողների համար, քանի որ այսպիսի միջադեպերը ազգային արժանապատվության վրա են ստվեր նետում: Այդպես չլիներ` ռուսական առաջատար կայքերն այս միջադեպի մասին լուրերը երեկ Հայաստանի համար աննպաստ մեկնաբանություններով չէին պտտի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4