«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ»

Բարձրաձայնում է «Երկիր» միությունը

«Ազգը» դեկտեմբերի 4-ի համարում մեջբերեց WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերը, ըստ որոնց Վրաստանում ամերիկյան դեսպանատան զեկուցագրերից մեկը անդրադառնում է 2006-ին Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերին: Ըստ վերոհիշյալ տեղեկությունների, հայ ազգաբնակչության այդ ցույցերը, ինչպես նաեւ Ջավախքում կազմակերպված այլ հուզումներ, կազմակերպել են ռուսները, ու երբ ռուսական ռազմաբազան դուրս է բերվել Ախալքալաքից, ջավախահայության ելույթները դադարել են: Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել «Երկիր» միությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վիքիլիքս կայքում տեղ գտած պնդումները որեւէ առնչություն չունեն իրականությանը եւ վկայում են լոկ, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին, կամ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Իրականում ջավախահայության ելույթների մարման պատճառը եղել է ոչ թե ռուսական բազայի դուրսբերումը, այլ 2006-08-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ վրաց ուժային կառույցների իրականացրած անօրինական, համակարգային հետապնդումներն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումը»:

«Երկիր» միությունը հիշեցրել է, որ ջավախահայության իրավունքների պաշտպան կազմակերպություններն ու անհատները մի շարք հայտարարությունների ու նամակների միջոցով փորձել են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը հրավիրել ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների իրականացրած խտրական քաղաքականության դրսեւորումների վրա, սակայն իրենց ջանքերը որեւէ արդյունք չեն տվել: «Ջավախահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ամերիկյան դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է միայն, որ Վրաստանում ամերիկյան ներկայացուցչությունը ստանձնել է Սաակաշվիլու վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու եւ Վրաստանը որպես ժողովրդավարական երկիր կեղծ պատկերը պահպանելու գործառույթը», ասված է միության հայտարարության մեջ, որը եզրափակվում է հետեւյալ տողերով. «ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաեւ արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու նույն խտրական քաղաքականությունը` ջավախահայության նկատմամբ, ինչը ավելացնելու է դժգոհությունը եւ լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում»:

Ավելորդ չենք համարում հիշեցնել նաեւ, որ WikiLeaks-ի հրապարակումից հետո ամերիկյան հանրահայտ New York Times-ը գրեց. «Պետքարտուղարության փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թբիլիսիում ամերիկյան դիվանագետները Վաշինգտոն են ուղարկել միայն Վրաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը` հաշվի չառնելով այլընտրանքային գնահատականները»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4