Իրավաբանների միջազգային միության փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի, ադրբեջանցի Իլհամ Ռահիմովը, որը մեծ բիզնես ունի Ռուսաստանում, դեկտեմբերի 6-7-ը Հունգարիայում էր: Բնականաբար չենք անդրադառնա Ռահիմովի Բուդապեշտում ունեցած «մի շարք հանդիպումներին` Հունգարիայի որոշ պաշտոնատար անձանց հետ», միայն նշենք, որ իրավագիտության դոկտորն այցելել է Բուդապեշտի բանտ, որտեղ ցմահ ազատազրկված է մարդասպան Ռամիլ Սաֆարովը»:
«Ռամիլի հետ հանդիպումը Հունգարիայում ունեցած իմ հանդիպումներից ամենահիշարժանն էր», այսպես է բնութագրել մարդասպանի հետ հանդիպումը Իրավաբանների միջազգային միության փոխնախագահը: «Ռամիլն իրեն բավական զուսպ է պահում, հպարտ: Նա իր ժամանակն այնտեղ զուր չի վատնում. արդեն մաքուր խոսում է հունգարերեն, սովորում է նաեւ անգլերեն եւ ակտիվորեն զբաղվում է սպորտով: Ռամիլը նաեւ մեծ ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանից եկող նորություններին, մանավանդ, երբ դրանք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը:
Այն հանգամանքը, որ բանտում անցկացրած վերջին տարիները չեն կոտրել Ռամիլին, խոսում է միայն նրա ունեցած մարտական ոգու եւ ամուր կամքի մասին: Ռամիլը խնդրեց փոխանցել իր երախտիքի խոսքերն ադրբեջանցի ժողովրդին, քանի որ նա զգացել է ամբողջ ազգի օգնությունը` իր համար դժվարին պահերին: Այժմ, կարծում եմ, Ռամիլն ունի, բացառապես բարոյական օգնության կարիք», ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` հայտարարել է Ռահիմովը` չմոռանալով ընդգծել, որ ինքը դիմել է հունգարական համապատասխան մարմիններին` «Ռամիլ Սաֆարովին հայրենի Ադրբեջան վերադարձնելու համար»:
Ի՞նչ է ստացվում. ադրբեջանցի ժողովուրդը օգնում, սատար է կանգնում, արդարացնում է մեկին, որը կացնով հարվածել է քնած մարդուն: Երբ մի քանի ամիս առաջ Թբիլիսիումՙ լրագրողական սեմինարի ընթացքում այս հարցն ուղղեցի ադրբեջանցի գործընկերներից մեկին, նա պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք Սաֆարովի քայլի պատճառը, չէ՞ որ կարեւորը պատճառն է»: Այսինքն` հարեւան երկրում նորմալ է, երբ որեւէ պատճառով կացնահարում են քնածին, իսկ եթե ստոր մարդասպանի բախտը բերի ու կացնահարվածը «գյավուր» լինի, ապա «դու ազգային հերոս ես»:
Մի՞թե պետք է որեւէ մեկին այս կերպ, այս չափանիշներով «ազգային» հերոս դառնալ, կա՞ արդարացում այս վայրագությանը, մի՞թե մարդասեր ու խաղաղասեր ազգը նման ստահակին «ազգային հերոս» կճանաչի ու դեռ բարոյական օժանդակություն էլ կտրամադրի
Հ. ԱՖՅԱՆ