Մտցնելու Ցեղասպանության բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը առաջիկա 10 օրերի ընթացքում ներառել լիագումար նիստի օրակարգում: «Դրանով Փելոսին եզակի հնարավորություն կունենա խոսնակի` իր պաշտոնավարման ժամանակաշրջանը ավարտելու բարոյական ուժեղ ներկայացումով», հայտարարել են հայկական լոբբիստական կազմակերպության արեւմտյան եւ արեւելյան շրջանների ատենապետները: Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններով Կոնգրեսում մեծամասնություն կազմեցին հանրապետականները, որոնց էլ կվստահվի խոսնակի պաշտոնը 2011-ին մեկնարկող նոր նստաշրջանում: «Ներկայիս կազմով Կոնգրեսը կշարունակի գործել թերեւս եւս երկու շաբաթ` մի վերջին հնարավորություն տալով Նենսի Փելոսիին լիագումար նիստում ներառելու Հայոց ցեղասպանության հարցը»,«Ազատություն» ռադիոկայանին ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն ու հավելել. «Այս վերջին օրերը Կոնգրեսի զուգադիպում են ՄԱԿ-ի 1948-ի ցեղասպանության դեմ փաստաթղթի որդեգրման տարելիցին, որը ստորագրվել է դեկտեմբերի 8-ին: Սա կարեւոր առիթ է` մեկ անգամ եւս Ամերիկայի կողմից շատ հզոր ձեւով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու»: Ներկայումս, Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին աջակցում է շուրջ 150 կոնգրեսական: Ընդգծելով, որ նմանատիպ բանաձեւեր Ներկայացուցիչների պալատում շրջանառվել են տասնամյակներ շարունակ, սակայն այդպես էլ լիարժեք քվեարկության չեն հասել, Հայ դատի հանձախումբը կոչ է անում Փելոսիին 2010 թվականը դարձնել վճռական տարի այս առումով:
Հ. Ա.