ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ ամերիկյան հեղինակավոր «Parade» ամսագիրը ամփոփել է անցնող տարվա ընթացքում տարբեր բնագավառներում արված գյուտերի ու հայտնագործությունների ցանկը: Ցանկում ընդգրկված են Հնդկաստանում հայտնաբերած կորո լեզուն, որով 800 մարդ է խոսում, կապկի նոր տեսակն ու աուտիզմի որոշման թեստը:
Հայաստանի Արենի քարանձավում գտնված 5500 տարեկան հայկական կոշիկն ընդգրկվել է ցանկում եւ ճանաչվել տարվա ամենազարմանալի հայտնագործություն:
2007-ից սկսված հետախուզական աշխատանքներով Արենիի քարայրի հնագիտական արշավախմբի հնագետները հայտնաբերեցին 5500 տարեկան կաշվե կոշիկը: Մի քանի օր շարունակ արեւմտյան ամենահեղինակավոր լրատվամիջոցների ու թերթերի առաջին էջում «հայկական մաշիկն էր»:
Արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի ներկայացամբՙ կոշիկը մեծ աղմուկ հանեց, որովհետեւ եզակի է իր բնույթով ու կարճ ժամանակահատվածում համաշխարհային արժեք կդառնա:
«Մինչ այժմ հայտնաբերվել են հողաթափեր, սանդալներ` պատրաստված բուսական ծագման գործվածքից: Մինչդեռ հայկական կոշիկը պատրաստված է կաշվից, շատ լավ էր պահպանվել ու աշխարհում հնագույն նմուշն է: Որպես գիտական սկզբնաղբյուր` մեծագույն արժեք է ներկայացնում», ասաց հնագետը «Ազգ»-ի հետ զրույցում:
Արշավախմբի անդամները կարողացել են միայն կոշիկի ընդհանուր բնութագիրը տալ եւ պարզել տարիքը: Բազմաթիվ հարցեր հնագետները չեն կարողացել ուսումնասիրել: Պատճառը օրենսդրության մեջ եղած բացթողումներն ու թերություններն են:
«Ըստ օրենքիՙ իրը գտնելուց երկու տարի անց պետք է հանձնվի որեւէ թանգարանի: Սակայն այսօրվա գիտության պահանջները հաշվի առնելովՙ օրենքի չափանիշներն ուղղակի ծիծաղելի են: Հնագետը հեղինակային իրավունք ունի իր գտածոյի նկատմամբ մինչեւ հրապարակայնության պահը: Արշավախմբի անդամները որեւէ իրավունք չունեն եւ չեն կարող զբաղվել կոշիկի ճակատագրով», մանրամասնեց Գասպարյանը:
Այժմ ավելի քան 5000-ամյա կենսագրություն ունեցող կոշիկը գտնվում է Երեւանի Պատմության թանգարանում: «Զանգեցին, ասացինՙ նախագահը ցանկանում է կոշիկը տեսնել: Տարան ցուցադրութան համար եւ մենք այլեւս հնարավորություն չունեցանք որեւէ աշխատանք իրականացնել»:
Գասպարյանը նշում է, որ մեր թանգարանային համակարգը չի համապատասխանում միջազգային թանգարանների չափանիշներին:
«Կան գիտահետազոտական բնույթի թանգարաններ, որոնք կազմակերպում են գիտահետազոտական աշխատանքներ: Մենք նման կադրեր չունենք, ու մեր թանգարաններում նմանատիպ որեւէ աշխատանք չի տարվում: Որքանով Հայաստանում կարող է պահպանվել կաշին` դժվարանում եմ պատասխանել: Կարծում եմՙ ճիշտ կլիներ, որ կոշիկն արտասահմանում ուսումնասիրվեր: Այն հազվագյուտ իր է: Պատմության թանգարանը ունի հրաշալի ռեստավրատորներ, բայց արդյո՞ք նրանք մասնագիտացված են նման հնության կաշի ուսումնասիրելու համար` դժվարանում եմ ասել», մտահոգություն է հայտնում Գասպարյանը:
Թեպետ հայկական ամենահին կոշիկի հայտնաբերումը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն ճիշտ օգտագործել ու օգուտներ քաղել այդ գտածոյից չկարողացանք:
Բորիս Գասպարյանը պատմում է, որ բազմաթիվ առաջարկություններ է ստացել արտասահմանյան կոշիկի ֆիրմաներից, ովքեր ցանկացել են գնել կոշիկի հեղինակային իրավունքները, բազմաթիվ դիզայներներ ցանկացել են համագործակցել, ու հայկական մաշիկի ոճով կոշիկներ արտադրել, սակայն Հայաստանում հեղինակային իրավունքը չի պահպանվում:
«Ես որեւէ իրավունք չունեմ կոշիկի նկատմամբ: Բոլոր իրավունքները պատկանում են մշակույթի նախարարությանն ու պատմության թանգարանին: Կոշիկը Հայաստանին մեծ փառք բերեց: Բայց Ժամանակը ճիշտ չօգտագործեցինք, որովհետեւ այդ փորձը չունեինք», ասաց Գասպարյանը:
Նա նշում է, որ Արենիի քարանձավում հնագետները եղեգից պատրաստված գործվածքներ, մումիֆիացված կենդանիներ են հայտնաբերել: Այժմ փորձաքննությունը ճշգրտում է գտածոների տարիքը: «Հայտաբերվել է եւս մեկ կոշիկ, որը 5000 տարվա պատմություն ունի, սակայն կառուցվածքն ուրիշ է: Փաստորեն հազարամյակներ առաջ էլ նորաձեւություն ասվածը եղել է», ասաց Գասպարյանը: Սակայն միայն կոշիկով հնագետները չեն բավարարվում: Նրանք խոստանում են նոր սենսացիոն աղմուկներ: Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Արենին գինեգործության հնագույն կենտրոններից մեկն է եղել:
Հնագետներն Արենիում գինու արտադրության վայր են հայտնագործել` ամանները, հնձաններն ու կարասներն այժմ փորձաքննության են ենթարկվում: