Դեկտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրայի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Բրազիլացի դաշնակահարուհին արդեն Հայաստանում է: Երեկ «Անի» հյուրանոցում նա հանդիպեց լրագրողներին: Համերգը կազմակերպվել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանության, մշակույթի նախարարության ու ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով: «Երաժշտության միջոցով կարող ենք շփվել, օգնել միմյանց, կարծում եմՙ երաժիշտներն աշխատում են խաղաղության համար», ասաց Մարիա Ժոզե Կարրասկեիրան: Դաշնակահարուհին Հայաստանում էլի է եղել, պատմեց, որ 3 տարի առաջ նվագել է Գյումրիում. «Նաեւ Վանաձորում եմ նվագել»: Մարիա Ժոզե Կարրասկեիրան ճանաչում է հայ հայտնի կոմպոզիտորներին: Օրինակ` Արամ Խաչատրյանը շատ հայտնի է Բրազիլիայում, նա բրազիլացի մի կոմպոզիտորի ընկերներից է եղել: «Արամ Խաչատրյանը Բրազիլիայում նույնպես եղել է», ասաց դաշնակահարուհին, այնուհետեւ խոսեց հայ երգահաններից ու նրանց գործերից. «Հայ երգահանների միջոցով կարողացա ճանաչել հայկական երաժշտության բազմազանությունը: Հայաստանից գնալուց հետո Բրազիլիայում նվագեցի հայ կոմպոզիտորների գործերը: Այնտեղ հայկական երաժշտություն նվագելը մեծ հաճույք է»: Անդրադառնալով հայկական ու բրազիլական երաժշտությունների նմանություններին ու տարբերություններին` դաշնակահարուհին կարծիք հայտնեց, որ երկու ազգերի երաժշտության մեջ մեծ ուշադրություն է դարձվում արմատներին, ինչն արտահայտվում է, օրինակ, ռիթմերի միջոցով. «Հետաքրքրական է, որ ե՛ւ հայերը, ե՛ւ բրազիլացիները սիրում են երգել: Երաժշտությունը լի է զգացմունքներով, սիրով ու տառապանքներով, բայցեւ կարողանում է բուժել երաժշտությունը, որի միջոցով կարող ենք հայտնել մեր բարի կամքը»:
Մարիա Ժոզե Կարրասկեիրան ծնվել է արվեստագետի ընտանիքում: Հայրը եղել է սրնգահար եւ կոմպոզիտոր, որից նա ստացել է իր նախնական երաժշտական կրթությունը: Դաշնակահարուհու եղբայրը Բրազիլիայում հայտնի սրնգահար է: «Իմ ճանապարհը սկսել եմ Բրազիլիայում, սովորել եմ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, բայց հետո վերադարձել եմ Բրազիլիա», ասաց դաշնակահարուհին: Նա իր դոկտորական աստիճանը ստացել է Սան Պաուլոյի համալսարանում եւ արժանացել է Բրազիլիայում դասական երաժիշտների երեք կարեւոր մրցանակներին: Դաշնակահարուհին զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ, եղել է տարբեր երկրներում:
«Ինձ համար ճանապարհորդելիս շատ կարեւոր է բրազիլական երաժշտությունը ներկայացնելը», ասաց Մարիա Ժոզե Կարրասկեիրան, որը հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում:
Ի. Պ.