Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել դեկտեմբերի 10-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են կազմակերպությանը հակաճգնաժամային արձագանքման գործուն կանոնակարգերով ապահովելուն, հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորման եւ կիրառման կատարելագործմանը, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ վերջին գագաթաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքը, այս տարվա օգոստոսին Երեւանում կայացածՙ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ստորագրվել են 45 փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նույն օրը տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող 14 հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության բնագավառներում փոխգործակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման, «ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերության գործունեության, ԵԱՀԿ շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության եւ մի շարք այլ հարցեր: ԱՊՀ արտգործնախարարները հավանության եմ արժանացրել դեկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի օրակարգը եւ քննարկմանն առաջարկվող հարցերը:
Հիշեցնմենք, որ երեկ երեկոյան երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին:
Հ. Ա.