Տպավորություններ ԱԺ պատվիրակության Սիրիա այցից
90-ականներին սիրիահայ ընկերներս պատմում էին, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Դամասկոսում Սիրիայի այն ժամանակվա առաջնորդ Հաֆեզ Ասադի հետ հանդիպման ընթացքում նրանից լսել է հետեւյալ հորդորը կամ խրատը. «Որդիս, միշտ պահիր մտքումդ, որ քո երկիրը պատկանում է աշխարհի ա՛յս մասի ընտանիքին»: Չգիտեմ որքանով է հավաստի կամ ճշգրիտ այս վկայությունը, սակայն համոզված եմ, որ Արաբական աշխարհի այդ իմաստուն ղեկավարը իրավացի էր. Հայաստանը որպես պետություն ու ժողովուրդ, որպես մշակույթ ու պատմություն հոգեհարազատ է եւ հատուկ առաքելություն ունի Մերձավոր Արեւելքի տարածքումՙ Իրան, Իրաք, Եգիպտոս ու Միջերկրականի արեւելյան ափի երկրներՙ Սիրիա, Լիբանան ու Կիպրոս: Եվ տվյալ պահին այդ երկրներում հայկական գաղթօջախների առկայությունը չէ միակ որոշիչը, այլՙ երկար դարերի ձգտումը մեր ժողովրդիՙ հարաբերվելու, նույնիսկ ծավալվելու դեպի հարավ ու հարավ-արեւմուտք: Եվ միայն երեւակայել է պետք, թե ինչպիսին կլիներ այդ «ընտանիքը», եթե միջին դարերում թուրքերը չխցկվեին այդ տարածք, եւ ինչ կլիներ, մանավանդ այսօր, եթե Թուրքիան փակած չլիներ մեր ճանապարհը դեպի մեր հարազատ միջավայր:
Ահա այս տեսակետից նաեւ պետք է դիտել Հայաստանի վերջերս աշխուժացող հարաբերությունները այդ տարածաշրջանի երկրների հետ: Եվ հենց այդ պարունակի մեջ պետք է դիտարկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան, Կիպրոս ու վերջերսՙ Սիրիա:
Ելույթՙ Սիրիայի խորհրդարանում
Ու հենց Հաֆեզ Ասադի 30 տարի առաջ Երեւանում արտասանած խոսքի մեջբերումով էլ Հովիկ Աբրահամյանն սկսեց իր ճառը Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի նիստում: «Շատ ուրախ եմ հյուրընկալվելու մի երկրում, ասաց նա, որը Սիրիայի երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ Ասադի խոսքերովՙ հայերի երկրորդ հայրենիքն է: Այսինքն, ես գտնվում եմ ոչ միայն բարեկամ, այլեւ հարազատ մի երկրում»: Ու երկար տարիների հայ-սիրիական կապերին հակիրճ անդրադառնալուց հետո Հ. Աբրահամյանը բնականաբար երախտագիտությամբ հիշատակեց Մեծ եղեռնից փրկված «հայու բեկորներին» սիրիական հողում ապաստան տալու, նրանց ազգային, մշակութային ու կրոնական ինքնության զարգացմանը նպաստելու իրողությունը:
Հայաստանն ու Սիրիան, ըստ Հ. Աբրահամյանի, տարածաշրջանային ծանրակշիռ գործոններ են, եւ «Հայաստանի բազմավեկտոր քաղաքական օրակարգում մերձավորարեւելյան ուղղությունն առաջնահերթություններից մեկն է», որտեղ պատահած յուրաքանչյուր «ցնցում ուղղակի կամ անուղղակի կերպով իր ազդեցությունն է ունենում նաեւ մեր տարածաշրջանի վրա», «մինչդեռ յուրաքանչյուր պետություն ձգտում եւ ցանկանում է ապրել հարեւանների հետ հաշտ ու խաղաղ»: Եվ ահա այդ ձգտմամբ էլ, մեկ տարի առաջ, Հայաստանի նախագահը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերություններըՙ առաջարկելով առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրությունները «բարձր միջնորդություններով», որից գրեթե անմիջապես հետո, ու մինչ այդ էլՙ քողարկված, Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել, ինչն անընդունելի էր Հայաստանի համար: Ահա թե ինչու Հայաստանի նախագահը որոշեց ու հայտարարեց «ժամանակավորապես առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը»: Եթե Հայաստանը, իր հոգում կրելով հանդերձ 1915 թ.-ի ցեղասպանության ցավը, համաձայնվում է նախապայմաններ չառաջադրել մինչեւ օրս էլ իրավաժառանգորդի իր մեղքը չընդունող Թուրքիային, ապա վերջինս ինքն է նախապայմաններ առաջադրում, փորձելով աջակցել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, այնինչ ԼՂ հարցի հետ Թուրքիան ոչ մի առնչություն չի ունեցել որեւիցե փաստաթղթով կամ միջազգային որեւէ ատյանում:
Բնականաբար, ԱԺ ղեկավարն անդրադարձավ նաեւ ԼՂ հարցին ու կրկնեց այդ ուղղությամբ ՀՀ պաշտոնական դիրքորոշումըՙ «Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մանավանդ որ երբեք չի էլ եղել»:
Պրոթուրքական դժգոհություններ եւ Realpolitik
Դահլիճի քար լռության մեջ նկատելի էր սիրիացի պատգամավորներից ոմանց դեմքի լարված ու դժգոհ արտահայտությունը: Նկատելով դա, Հ. Աբրահամյանն իր ելույթի ավարտին հարկ համարեց ավելացնել, որ թերեւս իր արտահայտությունները կարծր էին, սակայն ասվածն ամբողջովին ճշմարտություն է...
Նիստից հետո, առանձին զրույցի ժամանակ, պատգամավորներից ոմանց դժգոհության մասին ակնարկեց Սիրիայի խորհրդարանի նախագահ դոկտ. Մահմուդ ալ-Աբրաշը: Նույնիսկ ասաց, որ Հ. Աբրահամյանի մի շարք արտահայտությունները չպետք է արտասանված լինեին: ՀՀ ԱԺ նախագահին մնում էր կրկնելՙ ցավում է, որ իր բնորոշումները ոմանք դժգոհությամբ են դիմավորել, սակայն դրանից ճշմարտությունը չի փոխվում:
Հստակ է, որ Սիրիայում, ինչպես ողջ արաբական աշխարհում, պրոթուրքական տրամադրությունները, մանավանդ Իսրայելի դեմ Էրդողանի գործողություններից ու ելույթներից հետո, մակընթացության մեջ են: Առիթից օգտվելով, թուրքական քարոզչությունը, եւ վերջինիս պոչիկ ադրբեջանականը, ուժեղացել է տարածաշրջանում: Հովիկ Աբրահամյանի պատվիրակության Սիրիա այցից մի քանի օր առաջ, նոյեմբերի 17-ին, ինչպես կարդում ենք սիրիական «Ալ Ջամահիր» օրաթերթի նոյեմբերի 23-ի համարի առաջին էջում, այսինքնՙ հենց հայկական պատվիրակության այցի օրերին, Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բաշար Ասադի հետ եւ արծարծել «երկկողմանի հարաբերությունների վիճակը»... Եվ հենց նույն օրերին, հարեւան Լիբանանում պատրաստվում էին ընդունել իր «շարմը» ցուցահանող Էրդողանինՙ ի հակադրություն տեղի հայ համայնքի բացահայտ դժգոհությանը:
Այո՛, ջրային ռեսուրսների առումով Թուրքիայի ողորմածությունից կախված Սիրիան վերջին մի քանի տարիներին Realpolitik-ի քաղաքականություն է վարում Անկարայի նկատմամբ, մանավանդ որ Էրդողան-Գյուլ տանդեմը Սիրիայի եւ արաբների ոխերիմ հակառակորդ Իսրայելի նկատմամբ տարածաշրջանում տասնամյակներ տիրող քաղաքականության մեջ փոփոխությունների հայտանշաններ է ցույց տալիս:
Այսուհանդերձ դա ամենեւին չի խանգարում, որ Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական քարտեզներում ներառվի 1938 թ.-ին Ֆրանսիա-Թուրքիա դավակցությամբ վերջինիս կցված Ալեքսանդրեթի շրջանըՙ Մուսա լեռան 7 գյուղերով հանդերձ, որտեղ, ավա՜ղ, այսօր ապրում է (Վագըֆ գյուղում) ընդամենը 120 տուն հայ, իսկ բնակչության մեծ մասը ալավիներ են, այսինքն Սիրիայում իշխող ընտանիքի դավանակիցները: Այլ խոսքովՙ տարածքային պահանջ մեկ կողմից, քաղաքական-տնտեսական լավագույն հարաբերություններՙ մյուս:
«Արցունքով ստորագրված հուշագիր»
Բոլոր պարագաներում խորհրդարանի «միջադեպը» էական ազդեցություն չթողեց հայկական պատվիրակության այցի բարեկամական մթնոլորտի վրա, մանավանդ որ մինչ այդ ընկերական ամենաջերմ հարաբերություններ էին ստեղծվել երկու խորհրդարանների նախագահների միջեւ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանին հաջողվում է, եւ ես դա նկատել եմ դեռեւս անցյալ տարի նրա լիբանանյան այցի ժամանակ, քաղաքական խոսակցությունները անզգալաբար տեղափոխել ընկերական-մտերմական հարթություն: Այդ հարթությունն արդեն պատրաստ էր նախորդ օրը, մեր պատվիրակության ժամանումից անմիջապես հետո, Մահմուդ ալ-Աբրաշի հետ առաջին հանդիպման ժամանակ, երբ ստորագրվեց համատեղ հուշագիր: Քաղաքավարական տոներով սկսված խոսակցությունը Հ. Աբրահամյանի անմիջականության շնորհիվ շուտով վերածվեց զգացական արտահայտությունների, որն ավելի հուզական դարձավ, երբ մեր պատվիրակության անդամներից Անահիտ Բախշյանը խոսք առնելով բացատրեց, թե ինքը որքան է անհամբեր Դամասկոսից հետո այցելել Հալեպ, տեսնել այն տունը, որտեղ ապրել են իր ծնողները Հայաստան հայրենադարձվելուց առաջ: Տիկին Անահիտը չկարողացավ զսպել իր արցունքները, մինչ թարգմանիչ Հովհաննես Ասատրյանն իր պատականությունը կատարելիսՙ նույնպես փղձկեց: Ախր, նա ծնվել է հենց Սիրիայում: Ու մինչ դեսպան Արշակ Փոլադյանը շտապում էր Հովհաննեսի պարտականությունն իր վրա վերցնել, խորհրդարանի նախագահ Մահմուդ Աբրաշը, ինքն էլ Հալեպի ծնունդ, կրթված բոլոր արաբների մեջ նստած բանաստեղծի իր բնորոշումը տվեցՙ «արցունքով ստորագրված հուշագիր», ակնարկելով քիչ առաջ ստորագրված փաստաթղթին:
Սիրիան պատրաստ է միջնորդել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ...
Այսպիսով, հայկական կողմն ասաց իր խոսքը, սիրիականըՙ իր, եւ ամեն ինչ ավարտվեց հաշտ ու հանգիստ, ինչպես վայել է արեւելքի երկու բարեկամների: Եվ հաջորդ օրն առավոտյան, նախագահական պալատում հայկական պատվիրանությանն ընդունելիս, այդ մասին ոչ մի ակնարկ չարեց նախագահ Բաշար Ասադը: Նա բավականացավ տարածաշրջանում տիրող իրավիճակի գնահատմամբ, ապա ներկայացրեց իրենց արտաքին քաղաքականության հիմնարար ուղղությունները:
Ռաիսի (այսպես են կոչում արաբները իրենց նախագահներին եւ առաջնորդներին) կարծիքով, Թուրքիան ցարդ այսքան հաջող կառավարություն չի ունեցել: Թուրքիայում իշխող «Բարգավաճում եւ առաջադիմություն» կուսակցությունը իսկապես ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել իր դրացի երկրների հետ, եւ ինքը չի կասկածում, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ եւ բաց սահմաններ ունենալը բխում է նրա այդ քաղաքականությունից: Պարզապես, Թուրքիայում դեռեւս չեն կարողացել տարբեր համայնքների ու կրոնների միջեւ համակեցության մթնոլորտ ստեղծել, ինչը վաղուց արդեն նվաճված կատեգորիա է Սիրիայումՙ հանդուրժողականություն եւ հարգանք միմյանց նկատմամբ: Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանաՙ Սիրիան կարող է Թուրքիայի հետ ունեցած իր կապերն օգտագործել երկու երկրների միջեւ հարաբերությունները վերսկսելու համար. սա՛ էր Սիրիայի նախագահի պատգամը, ինչի տակ պետք է հասկանալ տարածաշրջանային հարցերը հենց տարածաշրջանի ներսումՙ առանց օտար ուժերի միջամտության լուծելու Ասադյան (հայր եւ որդի) քաղաքական դավանանքը:
Սիրիայի գլխավոր պրոբլեմըՙ ազգաբնակչության գերաճ
Ավելի ուշ հայկական պատվիրակությանն ընդունեց վարչապետ Նաջի Օտրին: Նա երկարորեն պատմեց երկրի տնտեսական ծրագրերի ու խնդիրների մասին, չմոռանալով երկրորդել Հովիկ Աբրահամյանի կարծիքըՙ Սիրիա-Հայաստան քաղաքական հարաբերություններին համարժեք բարձրության վրա չի գտնվում տնտեսականը: Վարչապետը ավելի երկար խոսեց երկրում բնակչության աճի մտահոգիչ տեմպերի մասին, որ տարեկան կազմում է շուրջ 2,8 տոկոս: Այս ընթացքով երկրի բնակչության թիվը 20 տարի հետո կկրկնապատկվի ու կհասնի 45 միլիոնի: Հարկավոր է նորանոր աշխատատեղեր ստեղծել ու հատկապես զարկ տալ գյուղատնտեսությանը, առաջին հերթին իրացնելով 182 հազար քմ տարածք ունեցող երկրի անջրդի հսկայական հողերը: Իմ տպավորությամբ, վարչապետ Օտրին մեր պատվիրակության համար հատուկ շեշտեց այս ամենը, որպեսզի հասկանալի դարձնի Թուրքիայի ջրային ռեսուրսներից (հատկապես Եփրատից) իր երկրի կախվածությունը, ուստի եւՙ realpolitik-ը:
Իր հերթին, Հ. Աբրահամյանը շեշտակի դրեց Հայաստանի իշխանությունների ակնկալությունը սիրիական կողմիցՙ ինչքան հնարավոր է շուտ դեսպանի մակարդակի բարձրացնել իրենց դիվանագիտական ներկայացուցչի կարգավիճակը Երեւանում: Այո, մեր երկրում Սիրիան ցարդ ներկայացված է հավատարմատարի մակարդակով, ինչը տարօրինակ է, իսկապես:
Ակնկալում էի, որ վարչապետն իր հերթին կհիշեցներ հայկական կողմին, որ 1997-ից ի վեր ոչ հայկական ծագում ունեցող սիրիացիները միայն հրավերով կարող են այցելել Հայաստան: Ավելի ուշ Սիրիայում մեր դեսպան Արշակ Փոլադյանն ինձ պիտի բացատրեր, որ 3-4 տարի առաջ վիզային այդ խիստ ռեժիմը հաստատվել է մի խումբ սիրիացի երիտասարդների խայտառակ պահվածքի պատճառով: Այսուամենայնիվ, տնտեսական հարաբերությունների զարգացում եւ վիզային խստացված ռեժիմՙ անհարիր են: Գուցե հետագայում երկու երկրների վարչապետների փոխայցելությո՞ւնը լուծի այս եւ այլ խնդիրները, ուղիղ եւ գործուն շավիղի վրա դնելով մերձավոր-արեւելյան մեր ուղղությունը: Տեսնենք:
«Նախապես մենք քրիստոնյա ենք եղել»
ԱԺ պատվիրակության այցի զուտ սիրիական մասն ավարտվեց (հայկական մասը կփորձեմ ներկայացնել առաջիկայում) Հալեպում, որտեղ գտնվում է Սիրիայի գլխավոր մուֆթի դոկտոր Բադր ադ-Դին Հասսունի նստավայրը:
ԱԺ նախագահի ու նրա գլխավորած պատվիրակության պատվին գլխավոր մուֆթիի տված արաբական ոճի նախաճաշն ու դրան հաջորդած ընդունելությունը վերածվեց էկումենիզմի իսկական դասի: Խիստ զարգացած եւ հրաշալի պերճաբանՙ գլխավոր մուֆթին ասաց, թե քանի որ քրիստոնեությունը ծագում է առել սիրիական հողից, ապա իրենք նախապես քրիստոնյաներ են եղել մինչեւ մահմեդականությունն ընդունելը: Եվ միեւնույն ոգով շարունակելով ավելացրեց, որ Դամասկոսի Օմայյան մզկիթն ու Գեղարդի տաճարը (նա եղել է Հայաստանում) կառուցվել են ոչ թե փողով, այլ խորագույն հավատքով: Հիշեցրեց մի քանի տարի առաջ Ադրբեջանի մահմեդական առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարած ջիհադը (կրոնական պատերազմ) Հայաստանի ու հայերի դեմ ու տեղեկացրեց, որ ինքն այդ առիթով նամակ է հղել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին եւ ողջախոհության ու կրոնական հանդուրժողականության կոչ արել նրան:
Երբեւիցե տեղ կհասնի՞ այդ կոչը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ