Ամբողջ աշխարհում մենինգիտ հիվանդության հանդեպ առանձնակի հսկողություն է սահմանված: Մահացությունն այս հիվանդությունից բավականին մեծ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումով մայիսի 19 հայտարարվել է մենինգոկոկային մենինգիտի օր: Հիվանդությունը տարածված է հատկապես աֆրիկյան երկրներում: Երեկ «Արմատ» ակումբում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանը տեղեկացրեց, որ 2009-ին աֆրիկյան երկրներում գրանցվել է շուրջ 70 հազար հիվանդՙ մենինգոկոկային մենինգիտով, նրանցից մահացել են 4800-ը: Այս տարի այդ երկրներում արձանագրվել է շուրջ 40 հազար հիվանդ, որոնցից մահացել են 2600-ը: Հայաստանի վերաբերյալ Էդուրարդ Զարդարյանը նշեց, որ այստեղ մենինգոկոկային մենինգիտով երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում: Իհարկե, Հայաստանում հիվանդությունն ավելի քիչ է տարածված, մեր երկիրը ցածր վարակայնության գոտում է: Ընդհանրական խոսելով մենինգիտի մասին` Էդուարդ Զարդարյանը նշեց, որ այն սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը, կախված հարուցիչի բնույթից, լինում է առաջնային ու երկրորդային: Առաջնայինն իր հերթին լինում է թարախային ու շիճային: Թարախային տեսակի հարուցիչը մանրէներն են, իսկ շիճային տեսակինը` վիրուսները: «Մի շարք շիճային հիվանդությունների հիմքում ընկած է տուբերկուլյոզը», ասաց Է. Զարդարյանը: Երկրորդային մենինգիտի դեպքում հիվանդի մեջ լինում է բորբոքային օջախ (օրինակ` լինում է ատամի կամ ականջի բորբոքում), որտեղից բորբոքումը փոխանցվում է գլխուղեղ: Մենինգոկոկային մենինգիտը ծանր հիվանդություն է: «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոնի նյարդաբան Շուշան Ասատրյանի փոխանցմամբ` մենինգիտն ունենում է վաղ եւ ուշ շրջանների բարդություններ: Ինչ վերաբերում է բուժման մատչելիությանը, բժիշկ Զարդարյանը տեղեկացրեց, որ առաջնային մենինգիտը բուժվում է պետպատվերով:
«Ազգի» հարցին, թե բանախոսները կանխարգելման ի՞նչ միջոցներ են առաջարկում, Էդուարդ Զարդարյանը պատասխանեց. որ մեզանում թվային աճ է նկատվում, երբ նոյեմբերից մինչեւ մարտ ամիսը օդի ջերմաստիճանն իջնում է: Հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է այնպիսի միջավայրում, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, օրինակ` զինվորական ստորաբաժանումներում, մանկական կոլեկտիվներում, համալսարաններում ու դպրոցներում: «Անցյալ տարի, երբ գրիպով հիվանդների աճ ունեինք, նույնն էինք ասում, որ հիվանդը պետք է լինի տանը, հաճախ լվացվի, նորմալ սնվի», ասաց բժիշկ Զարդարյանը: Կարեւոր է նաեւ հիվանդի մաքուր, հիգիենիկ պահվածքը, որպեսզի շրջապատի մարդիկ չվարակվեն նրանից:
Ի. Պ.