«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2010-12-08 | #227, 2010-12-09 | #228, 2010-12-10


«ԸՆԹՐԻՔ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ»` ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ամերիկյան ժամանակակից արձակի նշանավոր դեմքերից մեկը` հայազգի Փիթեր Սուրյանը , հիմա Հայաստանում է: Օրերս Գրողների միությունում Փիթեր Սուրյանի «Ընթրիք օտարների հետ» գրքի շնորհանդեսն էր, որին հաջորդեց մամուլի ասուլիսը: Սկզբում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը խոսեց Փիթեր Սուրյանի, նրա գրական գործունեության մասին: Միացյալ Նահանգներում հանրահայտ գրող, հրապարակախոս եւ անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը նաեւ տիրապետում է ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին, որոնցով կատարել է երկկողմ թարգմանություններ: Սուրյանի վեպերում, պատմվածքներում եւ էսսեներում արծարծվող հիմնական թեմաներն են անցյալ-ներկա, հայրեր-որդիներ, Հայաստան-Ամերիկա, նաեւ արտոնյալներ ու ոչ արտոնյալներ փոխհարաբերությունները: «Ընթրիք օտարների հետ» գիրքը պատմվածքների ժողովածու է:

Երեկ շնորհանդեսին ներկա էին նաեւ գրքի խմբագիր Արամ Արքունը եւ գրող, թարգմանիչ Արամ Արսենյանը, որը պատմվածքների ժողովածուն անգլերեից հայերեն է թարգմանել: Արամ Արքունը նշեց, որ Փիթեր Սուրյանը եղել է ամերիկյան շատ կարեւոր պարբերականների թղթակիցը եւ արդեն երիտասարդ տարիքում ճանաչված է եղել որպես լավ գրող: Առանձին խոսքով նաեւ հանդես եկան գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը , գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը , բանաստեղծներ Երվանդ Պետրոսյանը , Արթուր Անդրանիկյանը եւ ուրիշներ: Պերճ Զեյթունցյանը նշեց. «Ամերիկան շատ հզոր արձակ ունի, եւ դրա մեջ դիմանալու համար իսկապես պետք է մեծ շնորհք ունենալ, ինչը հաջողվել է Փիթեր Սուրյանին: Մեր բախտը բերել է, որ այդպիսի հայրենակից ունենք»: Այնուհետեւ Փիթեր Սուրյանը շատ համեստ խոսք ասաց. «Երբ լսում էի ձեր դրվատանքի խոսքերը, շատ ազդվեցի, բայց կուզենայի ավելացնել հետեւյալը` մեր միջոցով կփոխանցվի ուժը այն երիտասարդ բանաստեղծների ու գրողների սերնդին, որը ոչնչացվեց Ցեղասպանության ժամանակ, եւ այդ ուժը փոխանցելը շատ դժվար պարտականություն է»:

Փիթեր Սուրյանն ու Արամ Արքունը Հայաստան են եկել դեկտեմբերի 4-ին, մեկնելու են ամսի 13-ին: Այցելության ժամանակացույցը հագեցած է, լինելու են նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ Գրողների միությունը եւ կրթության ու գիտության նախարարությունը համատեղ են իրագործել Փիթեր Սուրյանի այցելությունը Հայաստան:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4