«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2010-12-09 | #228, 2010-12-10 | #229, 2010-12-11


Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԸ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է` ԻՆՉՊԵ՞Ս

Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներինՙ խնդրելով Վրաստանին ներկայացնել ՆԱՏՕ ընդունման գործողությունների ռազմավարական պլանը: Նա նկատել է, թե հուսով է, որ ԱՄՆ իշխանությունները հստակ պատկերացում ունեն, թե ինչպես Թբիլիսին կարող է իրացնել միջոցառումների համալիրըՙ միտված Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, հաղորդում է Associated Press-ը: «Վրաստանն արդեն իր քաղաքականությունը տանում է այնպես, կարծես արդեն ՆԱՏՕ-ի անդամ է», ասել է Բարամիձենՙ նկատի ունենալով Վրաստանի զինված ուժերի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը անդամակցության հստակ ժամկետներ չի նշում, բայց դաշինքի ներկայացուցիչները նկատել են, որ Վրաստանը վաղ թե ուշ կանդամակցի դաշինքին: Մնում է միայն հստակեցնել մի հարցՙ եթե Վրաստանը «վաղ թե ուշ պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին», ապա ի՞նչ սահմաններով: Եթե այնպես, ինչպես տեսնում է Արեւմուտքը, այսինքն` ներառելով Աբխազիան ու Հարավային Օսիան, ապա դա անհնար է, քանի որ ՆԱՏՕ-ն իրատեսական չէ, որ իր տիրույթում կպահի ռուսական ռազմաբազաներ, որոնք այսօր կան (եւ չեն էլ պատրաստվում դուրս բերվել) Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Իսկ եթե ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին այն սահմաններով, որոնք դե ֆակտո կան այսօր, փաստորեն Ցխինվալն ու Սուխումը` Վրաստանից դուրս համարելով, ապա այստեղ արդեն հարց պետք է հասցեագրել Թբիլիսիին` կցանկանա՞ արդյոք այս գինը վճարել` դաշինքին անդամակցելու համար:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4