«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2010-12-09 | #228, 2010-12-10 | #229, 2010-12-11


ՀԻՄԱ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՆԿԵԼ, ԹԵ՞ ՍԽԱԼ` ՉՀԱՍԿԱՑԱՆՔ

Այս տարվա վերջին խորհրդարանական ճեպազրույցներում խմբակցությունների ներկայացուցիչներից լրագրողները հիմնականում ուզում էին գնահատական ստանալ պաշտոնանկությունների վերաբերյալ, խոսք գնաց նաեւ ԼՂՀ ճանաչման օրինագծի տապալման շուրջը:

ԼՂՀ ճանաչման օրինագիծ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս. Սաֆարյանը հիասթափված էր խորհրդարանական մեծամասնության պահվածքից` ԼՂՀ ճանաչման օրինագիծը տապալելու համար, նշելով, որ հետեւանքների պատասխանատվությունն այժմ կրելու են իշխանությունները. «Ուղղակի կանխավ ասում ենք ՀՀ իշխանություններինՙ ճանապարհը, որ իրենք են ընտրել, սխա՛լ է: Դա Հայաստանի եւ հայոց կենսական շահերի համար վտանգավոր է, հետեւաբար թող որեւէ մեկին չմեղադրեն ապագայում: Ո՛չ միջազգային հանրության շրջանակներում, ո՛չ օտար պետություններում եւ ո՛չ էլ սեփական երկրի ներսում որեւէ մեղավոր չգտնեն, բացի իրենցից», ասաց նա` հավելելով, որ ԼՂՀ անկախության 20-րդ տարի փաստորեն ոտք ենք դնում Արցախը չճանաչած:

ԼՂՀ անկախության ճանաչման հարցը խորհրդարանում տապալվելու առումով երեկ ՀՅԴ-ական Ա. Շահբազյանը , սակայն, նկատեց. «Ցավում ենք, որ հասցվեց այդ եզրահանգմանը (տապալմանը-Մ.Խ.), մանավանդ` երբ որ հայտնի էր, թե ինչ է լինելու: Հավանաբար երկու կողմերն էլ ցուցադրեցին անխոհեմ համառություն, որն արդարացված չէ, եթե նկատի ենք ունենում շատ ավելի մեծ շահերը: Բայց երբ խնդիրը ներկայացվում էր քննարկման` մենք մեր հերթին այլ լուծում չէինք տեսնում, քան կողմ քվեարկելը»:

Պաշտոնանկությունների մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար գնահատելի էին ե՛ւ Գագիկ Բեգլարյանի աշխատանքը, ե՛ւ նրա հրաժարականի որոշումը, իսկ նրան կուսակցական պատժի ենթարկելու հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Վերստին անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնանկությանը (հարցն այսպես էր հնչել` «ԴԱՀԿ ղեկավարը էթիկա է խախտում` նախարարի՞ն են պաշտոնանկ անում»), Գ. Սահակյանը նկատեց, թե նախարարը լիազորված անձ էր, կարող էր նաեւ աշխատանքից ազատել: Մեր` «Այդպիսի լիազորություն նախարարը չունի, նախագահն է նշանակում-ազատում ԴԱՀԿ ղեկավարին» դիտարկմանն ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահը պնդեց իր ասածը: Իսկ երբ Սյունիքի մարզպետը կամ էջմիածնի քաղաքապետն էին բռնություններ թույլ տալի՞ս. «Քաղաքական այն ուժը, որն այսօր իշխանություն է, երբեք այդպես վհուկների որսի քաղաքականություն չի վարում: Ով չի աշխատի, վատ կկատարի իր պարտականությունները` գնահատականներ կլինեն կամ երկրի վարչապետից, կամ նախագահից: Իրենք էլ հասու են կանոնավորելու այդ գործընթացները: Այսինքն` ում հետ չունենք, ասենք` վատ է աշխատում ու վերցնենք պատժե՞նք», հարցին հարցով պատասխանեց Գ. Սահակյանը:

Հարցը լրագրողները դրեցին այսպես` արդյո՞ք, ինչպես ռուսական լրատվամիջոցներն են մեկնաբանել, քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությունները քաղաքական ենթատեքստ ունեն, մանավանդ Գագիկ Բեգլարյանի դեպքում այդ ենթատեքստը հանգում է ռուսական (Լուժկովյան) եւ ամերիկյան («Պզոյի» գործ) հետքերին:

Որ Լուժկովի բիզնեսն արմատներ է ունեցել Հայաստանում, եւ հայաստանյանյան պաշտոնյաները դրան մասնակից են եղել` դա Ստեփան Սաֆարյանի համար ակնհայտ էր, բայց ե՛ւ այդ, ե՛ւ «Պզոյի» գործի հետ կապի մասին նա վստահաբար որեւէ բան պնդել չի կարող: Նա ավելի շատ պաշտոնանկությունները կապեց ներքաղաքական եւ նախընտրական իրավիճակներին. «Արդարության, օրինականության հաստատումը, արատավոր երեւույթների մերժումը, իմ տպավորությամբ, այս պահին գոնե առնվազն շղարշ ենՙ քողարկելու այն, ինչ կատարվում է իշխանության դաշտում, իշխանության ներսում, որի նպատակն ուղղակի ապագա խորհրդարանական ընտրություններն են եւ ոչ միայն», ասաց նա: Իսկ ընդհանրապես` Ս. Սաֆարյանը չէր ցանկանում պաշտոնանկություններին գնահատական տալ «այնքան ժամանակ, մինչեւ չտեսնենք, որ պատժում են նաեւ սովորական, շարքային քաղաքացիներին ծեծող պաշտոնյաներին եւ նրանց հարազատներին»:

Ա. Շահբազյանը նկատեց. «Եթե որոշ պարագաներում կարող ենք հավատալ նման լուրերի, այնուամենայնիվ` իրավունք չունենք ներկայացնելու որպես մեր համոզում: Հավանական է նաեւ, որ իսկապես այլ պատճառներ նույնպես եղել են, բայց սա արդեն ենթադրությունների ոլորտից է, որի մեջ չէինք ցանկանա մտնել»:

Արծվիկ Մինասյանը քաղաքականություն չտեսավ պաշտոնատար անձին ազատելու մեջ` աշխատանքի որոշակի նորմեր խախտելու մեղադրանքով. «Գեւորգ Դանիելյանը այն հազվագյուտ պաշտոնատար անձանցից է, որ համենայն դեպս իր բարեկրթությամբ եւ մասնագիտական ունակություններով պահանջված անձ է Հայաստանում, որեւէ քաղաքական ենթատեքստ այս պահին տեսանելի չէ»: Իսկ այն մեկնաբանությունները, թե պաշտոնանկությունները նոր էջ սկսելու հույս են, երկուսն էլ իրական չհամարեցին. «Որեւէ հիմք դեռ չկա` մաքուր էջից սկսելու վստահություն ունենալու հարցում: Մաքուր էջը սկսվում է ընտրություններից, գնում է ողջ ժամանակահատվածում, ավարտվում է ընտրություններով, եւ նորից սկսվում է ընտրություններից», նկատեց Ա. Մինասյանը: «Ես մի քիչ տխրելով ու միաժամանակ ուրախանալով մտածեցի, թե որքան մեծ է ցանկությունը փոփոխությունների, արմատական բարեփոխումների, որ արդեն մարդիկ չեն կարողանում այս վիճակը հանդուրժել: Իսկապես հանդուրժելի չէ, որ մեզ մոտ խնդիրների պարզաբանումն իրականացվում է անասնական ճանապարհով հաճախ, էնպես, ինչպես ջունգլիներում է ընդունված: Ես գուցե կոպիտ, բայց ուղիղ ասացի էն, ինչ որ կա: Այսինքնՙ օրենքը, քաղաքակիրթ հարաբերությունը կարծես որոշակի մակարդակից վեր շատ քիչ են գործում, գործում են այլ կանոններ: Մենք էլ կցանկանայինք, որ այդպես լիներ (փոփոխություններ սկսեին), բայց որպեսզի դա էդպես լինի, պիտի տեսնենք, որ կատարվածը ոչ թե դրվագներ են, որոնք ունեն նաեւ որոշակի անձնական կամ սուբյեկտիվ պատճառներ, այլ հիմքում ունեն որոշակի օրինաչափություններ, որոնց նպատակն է այս իրավիճակն այլեւս չհանդուրժելով` ձեռնարկել դրանց փոփոխությունների գործընթաց», սա էլ Ա. Շահբազյանի կարծիքն էր:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը պաշտոնանկությունները գնահատելիս նկատեց, թե այժմ երկրի նախագահի կողմից հանրային վստահության ուղղությամբ քայլեր են արվում` դրանք դիտելով այդ քայլերի թվում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, թե իրենց պաշտոնները, անձեռնմխելիությունը, դիրքը չգնահատած-չհարգած եւ սխալ քայլ կատարած մարդիկ, այո, պետք է պատժվեն եւ ստանան իրենց արժանի գնահատականը: Իսկ վարչապետի քննադատած գյուղնախարարի չպատժվելն էլ այսպես դիտարկեց. «Այն գերատեսչությունները, այն վարչական մարմինները, որոնք նախարարության շրջանակներում կատարել էին թերություններ եւ ոտնձգություններ, այդ պաշտոնյաները պատժվեցին»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4