Բողոքի աննախադեպ ցույցեր «Լա Սկալայի» առաջ
Մշակույթի ասպարեզում Իտալիայի կառավարության 37 տոկոսի հասնող բյուջեի կրճատումները բողոքի հսկայական ալիք բարձրացրին հասարակության շրջանում: Դեկտեմբերի 7-ին «Լա Սկալայի» շուրջը հավաքված ամբոխը, ըստ «Գարդիան» թերթի օնլայն տեղեկատվության, առաջնորդությամբ դիրիժոր Դանիել Բարենբոումի, բախումներ է ունեցել վահաններով պաշտպանվող ոստիկանների հետ, որոնցից առնվազն տասը ոստիկան հիվանդանոց է փոխադրվել: Ցուցարարներին, որոնցից նույնպես շատերը հիվանդանոց են փոխադրվել, ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազեր ու ծխառումբեր:
Այս ցուցարարներին էին միացել նաեւ համալսարանական ուսանողներ, որոնք բողոքում էին Բեռլուսկոնիի կառավարության որոշման դեմ, որով հաջորդ տարվանից զգալիորեն կրճատվելու են կրթաթոշակներն ու գիտական աշխատությունների հատկացումները:
Բարենբոումը որպես գլխավոր դիրիժոր հրավիրվել էր 4 տարի առաջ եւ կրում էր «Մաեստրո Սկալիերո» տիտղոսը: Համերգաշրջանի բացման այդ օրըՙ նախքան իր ավանդական Վագների երաժշտությանն անցնելը, հրեա դիրիժորը դահլիճում նստած Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյին ասել է. «Այստեղ եւ այլ թատրոններում երգող, պարող, նվագող եւ խաղացող իմ գործընկերների անունից թույլ տվեք ասել, որ մենք խորապես մտահոգված ենք այս երկրի եւ ամբողջ Եվրոպայի մշակույթի ապագայի խնդիրներով»: Այնուհետեւ ընթերցել է երկրի սահմանադրության 9-րդ հոդվածը, որտեղ նշված է, թե «հանրապետությունը խթանում է մշակույթի եւ գիտական ու տեխնիկական առաջընթացի զարգացումը»: Ներկաները, նախագահը նույնպես, բուռն ծափահարություններով են արձագանքել:
«Լա Սկալան», ըստ հաղորդագրության, մեծապես տուժելու է կրճատումներից: Վերջին հինգ տարիների համեմատական հավասարակշռված բյուջեից հետո, պատասխանատուները նշել են, որ այս տարի 5 միլիոն եվրոյի բաց է ունենալու, որը հաջորդ տարի հասնելու է 17 միլիոն եվրոյի, եթե «կրճատումների փաթեթի» հետեւանքով ամռանը հետ պահված գումարը չփոխհատուցվի:
«Ճիշտ է, որ մշակույթը ուտելու բան չէ, ինչպես որոշ մարդիկ նշում են, բայց մշակույթը այն է, ինչ մարդուն մարդ է դարձնում: Դա միայն էսթետիկա չէ, այլ էթիկա նաեւ եւ պարտականություն», ավելի վաղ ասել է դիրիժորը լրագրողներին:
Թեեւ ճշգրիտ թվերը հրապարակվելու են այս ամսվա վերջում, օպերայի պաշտոնյաների եւ մտավորականների հավաստիացումներովՙ կառավարությունը մտադրված է երկրում մոտ 9 միլիարդ եվրո եւ 130 հազար աշխատատեղեր կրճատել առաջիկայում: Եկամուտի 30 տոկոսը ֆինանսավորվում է կառավարության կողմից: Ըստ տնտեսական զարգացման նախարար Պաոլո Ռոմանիի, որը նույնպես դահլիճում է եղել այդ օրը, «կոմպրոմիսային ելք դեռ կարելի է գտնել»:
Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ