«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2010-12-09 | #228, 2010-12-10 | #229, 2010-12-11


«ԱՐԵԳԻ» ՀԵՐԹԱԿԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է Կահիրեում հայ-արաբական մշակույթների մերձեցման առաքելությամբ արաբերեն լեզվով հրատարակվող «Արեգ» պարբերականի այս տարվա հոկտեմբերի համարը (N 6), որը բացվում է վաստակաշատ մտավորական եւ պարբերականի հայկական նյութերի պատասխանատու խմբագիր Պերճ Թերզյանի «Հայ-ռուսական նոր համաձայնագիրը» խորագիրը կրող հոդվածով: Այնուհետեւ թարգմանաբար ներկայացված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «Անկարան պետք է ապացուցի իր նպատակների անկեղծությունը» հոդվածը: Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու աշխարհաքաղաքական հարաբերություններին է անդրադառնում «Նովոստի» գործակալությունից Սերգեյ Գունեեւը, իսկ Սոհր Հասանը ներկայացնում է սեպտեմբերին Եգիպտոսի մշակույթի նախարարության հովանավորությամբ անցկացված Հայաստանի մշակույթի օրերը: «Արեգի գրադարանը» բաժնում Սոֆա Շակերը գրախոսում է պարբերականի գլխավոր խմբագիր Մոհամմեդ Ռիֆաաթ էլ-իմամի սեպտեմբերին լույս տեսած «Օտարների ժխտումըՙ (կամ օտարատյացությունը) 20-րդ դարի ոճրագործություն» գիրքը, որից հետո ընդարձակ հոդվածով արվեստագետ Հրանտ Քեշիշյանը անդրադառնում է եգիպտահայ նկարչական արվեստի չորս հոբելյանական տարեդարձներինՙ Երվանդ Տեմիրճյանի ծննդյան 140, Վահան Մանավյանի ծննդյան 130, Աշոտ Զորյանի մահվան 40 եւ վերջապես Ալին Պլըքտանյան-Ճիզմեճյանի ծննդյան 50-ամյակներին, տալով հետաքրքրական մանրամասնություններ յուրաքանչյուրի մասին: Առաջիկայում մենք կանդրադառնանք այդ հոբելյաններին: «Գեղեցիկ արվեստների գեղեցկությունը ավելացե՞լ է նոր տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով» հետաքրքրական հարցադրումով հանդես է եկել Նաղամ Գամալ Հագարը: Համարը հարուստ է նաեւ Սիրիայի, Լիբանանի եւ արաբական էմիրությունների հետ Հայաստանի կապերի համառոտ լուրերով, ինչպես նաեւ Թաթուլ Ալթունյանի համույթի երկու լուսանկարներով:

Մաղթում ենք, որ պարբերականի երթը արաբական աշխարհում անխափան լինի:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4