«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Երեկ կայացած նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, Երեւանի ավագանին որոշել է քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին: Գագիկ Բեգլարյանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 8-ին, մեկ ամսվա մեջ` մինչեւ հունվարի 8-ը, օրենսդրությամբ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան: Այժմ արդեն ավագանու խմբակցությունները պետք է քաղաքապետի թեկնածու առաջադրեն: Սակայն հավանաբար միայն ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի: Պաշտոնապես ՀՀԿ-ն դեռ առաջադրելու իր մտադրությունը թեկնածուների առումով չի բարձրաձայնել:

Ոչ պաշտոնապես շրջանառվում են Տարոն Մարգարյանի, քաղաքային ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի եւ «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի անունները:

Առաջինը բավական երիտասարդ է, եւ չնայած իր հաշվին գրանցել է Ավան համայնքը ղեկավարելու ընթացքում մնացած Ավանի բնակիչների լավ հիշողությունն ու հասարակ մարդկանց համակրանքը (որը մասամբ իր հորից` Անդրանիկ Մարգարյանի բարոյական կապիտալից ստացված ժառանգություն էր), սակայն դեռեւս չի կարելի ասել, թե լավագույն փորձն ունի քաղաքը կառավարելու առումով:

Երկրորդը մասնագիտությամբ բժիշկ է, ավելի վաղ առողջապահության փոխնախարար էր, էլի քաղաքը կառավարելու ուղիղ փորձ չունի: Երրորդը ղեկավարում է Ռուսաստանում ամենահարուստ ընկերություններից մեկը եւ անհասկանալի է, թե ինչու նա պետք է ցանկանա Երեւանի քաղաքապետ դառնալ. առայժմ հայտնի չէ` ինչպե՞ս է նա արձագանքում իր անվան շրջանառությանը Երեւանի քաղաքապետի թեկնածուների շարքում:

Հնարավոր է` այս անունները նաեւ ապակողմնորոշող կամ որոշ մարդկանց առաջադրվելու ախորժակը փակելու նշանակությունն ունեն: Կամ գուցե` առաջին հայացքից կարող է թվալ, թե ամենահարմար թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Մի դիտարկում, այնուամենայնիվ, անենք. Երեւանի քաղաքապետի պաշտոնը շատ ազդեցիկ պաշտոն է, մանավանդ եթե նկատի ունենանք մոտեցող խորհրդարանական ընտրությունների եւ մայրաքաղաքային ակտիվ ընտրազանգվածի հանգամանքը` ՀՀԿ-ի համար այս պաշտոնում ուժեղ վարչական եւ միաժամանակ քաղաքական ֆիգուր ունենալու անհրաժեշտությունը կարծես աներկբա է:

Մյուս կողմից` մայրաքաղաքը նաեւ հենց հանրապետությունն է, կարելի է ասել, շատ բաներում առաջատար եւ առաջամարտիկ: Եթե նկատի ունենանք սահմանադրությամբ Հայաստանի նախագահի պաշտոնից հետո ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոնների ազդեցիկության շրջանակը, ապա քաղաքապետի պաշտոնն ազդեցությամբ երեւի կարելի է չորրորդը համարել: Սակայն ընդամենը հիշենք Տեր-Պետրոսյանի ժամանակը, երբ Վանո Սիրադեղյանն էր քաղաքապետ` լծակների առումով նա դարձել էր երկրորդ մարդը երկրում եւ լուրջ վտանգ էր ներկայացնում նախագահի աթոռին:

Այնպես որ` նախագահ Սարգսյանը ում էլ առաջարկի այս պաշտոնին` ամրապնդում է նախ իր թիկունքը, գուցե նաեւ` առաջիկայում իր շտաբի պետին է ուզում ունենալ նախագահական ընտրություններին: Այդպիսով` քաղաքապետի թեկնածուի առաջադրումը միայն առաջին հայացքից է քաղաքապետի թեկնածուի առաջադրում, իրականում այդ ֆիգուրի համար նախագահ Սարգսյանը որոնում է հավատարիմ, ճկուն, լավ վարչարար, եւ ինչու չէ` քաղաքական գործիչ թեկնածու:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4