Ժամանակին Ադրբեջանից գաղթած հույն համայնքի նախաձեռնությամբ ստեղծվել է Ադրբեջանից կրոնական, քաղաքական, ազգային, փախստական խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդ, որին անդամակցել են նաեւ Հայաստանի ադրբեջանահայերը: Նրանց հիմնական նպատակն է աշխարհին ներկայացնել Ադրբեջանում ապրող եւ ապրած ազգային փոքրամասնությունների խնդիրն ու ապացուցել, որ այդ երկիրը այնքան էլ քաղաքակիրթ չէ ինչպես ներկայանում է, եւ ազգային փոքրամասնությունների հետ երկխոսելու խնդիր ունի: Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին` կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդրին:
«1988-1994 թթ. Բաքվի կառավարության հրահրած պատերազմի, ցեղասպանության եւ ոստիկանական ճնշումների զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունք, որն արտահայտվում է բացառապես մեկ մասի, մեկ հատվածի իրավունքների խախտման ամրագրմամբ», նամակի բովանդակությունն է ներկայացնում Ադրբեջանահայության կազմոկիտեի անդամ Մարիամ Ավագյանը : Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը փաստում էՙ ադրբեջանահայերը փախստական դարձան հենց ազգային փոքրամասնության պատկանելու եւ Ադրբեջանում հայերի նկատմամբ դրսեւորած ֆաշիստական վերաբերմունքի հետեւանքով:
«Նրանց գործողության հիմքում ոչ թե հայատյացությունն էր, այլ հայերին ոչնչացնելու ցանկությունը»: Խառատյանը պատմում է 1990-ին Բաքվի հունվարյան ջարդերի ժամանակ փախստական դարձան նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների մասին: Ազգային փոքրամասնությունների հանդեպ հալածանքներ պաշտոնական Բաքուն իրականացնում է նաեւ այսօր, սակայն դրան որեւէ մեկը չի արձագանքում: «ԵԱՀԿ-ն ստեղծել է ազգային փոքրամասնությունների գծով գերագույն գլխավոր կոմիտե, որի նպատակն է հենց այսպիսի իրավիճակներին միջամտելը: Մինչդեռ այդ կոմիտեն երբեւէ քննարկման չի դրել ազգային փոքրամասնությունների հարցը, որոնք ամենախայտառակ կերպով ամեն օր խախտվում են», ասաց ազգագրագետը: Տկն Խառատյանը քննադատում է նաեւ ՄԱԿ-ի գործողությունները` ընդգծելով, որ այդ կառույցը երբեւեէ չի քննարկել Ադրբեջանում փոքրամասնությունների խնդիրը, վերլուծություն չի իրականացրել: «ՄԱԿ-ը պետք է հավասարակշռություն ապահովի եւ սեւեռուն ուշադրություն դարձնի փախստականների խնդրին»: ՄԱԿ-ը տարին մեկ անգամ անդրադառնում է անհետացող լեզուներին, ժողովուրդներին, բայց երբեւէ չի քննարկվում Ադրբեջանում անհետացող ժողովուրդների հարցը: «Իսկ նրանք բազմաթիվ են` հայեր, լեզգիներ, թաթարներ», եզրափակեց Խառատյանը` հավելելով, որ չի բացառվում, որ ասուլիսից հետո պաշտոնական Բաքուն հերթական ապատեղեկատվությունը կտարածի ու ի լուր աշխարհի կհայտարարի, թե Բաքուն ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ ազգային փոքրամասնությունների երազանքների քաղաքն է:
Հ. Հ.