Արդեն երկրորդ տարին էՙ Հայաստանում «Եվրոտեսիլին» մասնակցելու առնչությամբ հնչում է երգչուհի Էմմիի անունը: Անցյալ տարի մինչեւ վերջին պահը Օսլո մեկնող Էմմիին կես ճանապարհից հետ ուղարկվեց, եւ Հայաստանը «Եվրոտեսիլում» ներկայացրեց անհայտ երգչուհի Եվա Ռիվասը, ում աստղը մարեց, եւ նրա մասին մոռացան հենց «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնի հաջորդ օրը:
«Եվրոտեսիլի» նախընտրական փուլից հետո Էմմին «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը խոստացել է, որ Էմմին ու Միհրանն են մեկնելու Նորվեգիա:
«Մինչեւ վերջին պահը մեզ հավաստիացնում էին, որ խոսակցությունները որեւէ հիմք չունեն, եւ «Եվրոտեսիլ» մենք ենք մեկնելու», ասել էր Էմմին:
Իր հերթին երգչուհու մայրը եւ պրոդյուսերըՙ Նադեժդա Սարգսյանը, հայտարարել է, որ Էմմիի հետ անարդար են վարվել, նա վիրավորված է եւ այլեւս երբեք չի ներկայացնի Հայաստանը միջազգային ասպարեզում:
Բայց ինչպես երեւում է` երգչուհու վիրավորվածությունն անցել է, կամ էլ «Եվրոտեսիլի» բեմում հայտնվելու երգչուհու մի քանի տարվա երազանքն այնքան ուժեղ էր, որ նա համաձայնեց այս տարի Գերմանիայում ներկայացնել Հայաստանը:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ հարաբերություններին, ապա Էմմին հայտարարեց. «Մենք բարիշել ենք»:
Հ. Հ.