«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՈՒՄԸ, ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԵՐԸ

Սարկավագի 72 շենք 350 քմ տարածք կազմող այգուց գրեթե ոչինչ չի մնացել: Շուրջ 150 պտղատու ծառերը եւ մոշի թփերը մի քանի օր առաջ կտրել են, այգին կառուցապատել ու պատրատվում են շենքի դիմաց սուպերմարկետ կառուցելու:

«90-ականներին, երբ ամբողջ հանրապետությունում ծառ էին կտրում, մենք ծառ էինք տնկում, հերթապահում էինք, որ այդ ծառերը չկտրվեին: Եթե դուք հարուստ եք, ուժ ունեք, գնացե՛ք ուրիշ տեղ հող գնեք, ինչո՞ւ եք գալիս մեր պուրակը քանդում, մեր ծառերը կտրում», ասում է շենքի բնակիչ Իգիթ Քերոբյանը:

Մեկ տարի առաջ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը այգին օտարել է ու տարածքը տրամադրել Ռուբեն Հարությունյանին: Մինչդեռ բազմաբնակարան շենքերի դիմացի այգիները, պուրակները հանրային սեփականություն են եւ վաճառքի ենթակա չեն:

Փաստորեն քաղաքապետարանը ապօրինի հողահատկացում է արել, նախ սեփականաշնորհել է տարածքը, այնուհետեւ վաճառել:

«Օրենքը խախտել է պետությունը, մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հողահատկացման դիմումը է ստորագրել, բայց այդ այգին նրան չի պատկանում: Այդ այգին ժողովրդինն է` Քանաքեռի բնակչությանը», ասում է բնակիչ Հովհաննես Հախնազարյանը:

Գարնանը թաղապետարանի կանաչապատման բաժնի աշխատողները պտղատու ծառերի արմատներին սալյարկա ու թթու են լցրել:

«Ծառերը սեւացել էին: Ի՞նչ է, կարգը փոխվե՞լ է, հիմա ծառերն էտելու համար թթու են օգտագործում: Ինչպես կարելի է գարնանը ծառերի արմատներին թթու լցնել», զայրանում է Ռ. Քերոբյանը:

Ծառերը «էտելուց» հետո բնակիչները դիմեցին նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, քաղաքապետարանին, սակայն բոլոր կառույցները հղում էին անում նախկին քաղաքապետի ստորագրած փաստաթղթին եւ ավելացնում, որ ամեն ինչ ըստ օրենքի է ընթանում: Եվ առավոտյան մի խումբ մարդիկ եկել են ու սկսել այգու ծառերը կտրել:

Շենքի շուրջ 500 բնակիչ կրկին դիմել են նախագահին, վարչապետին, քաղաքապետարանին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն պատասխանը մեկն էր. օրենքով այգին պատկանում է Ռուբեն Հարությունյանին:

Մի քանի օր առաջ շենքի բնակիչներին ընդունել է քաղաքապետարանի ապօրինի շինարարությունների բաժնի վարիչը:

«Ծանոթանալով գործի մանրամասներին` խոստացավ խնդիրը լուծել, սակայն երկրորդ հանդիպման ժամանակ դեմքն այլայլված էր: Ասաց` այս գործում չկամ, տեսեքՙ ինչ եք անում», պատմում է շենքի բնակչուհի Պադմիրա Եղիկյանը:

Համայնքը ներկայացնող ԲՀԿ պատգամավոր Աշոտ Տոնոյանն էլ առաջարկել է բնակչությանը գնալ «կոմպրոմիսի» ու ոչինչ չձեռնարկել:

«Բայց մերժեցինք, որովհետեւ դա բնակչության այգին է, այդտեղ մեր երեխաներն են խաղում: Շենքի տարեցներն այդտեղ են հանգստանում», պատմում է Իգիթ Քերոբյանը:

Բնակիչներին ընդունած Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ տղամարդու խոսք է տվել, որ հարցը կհարթվի:

«Պետության ներկայացուցիչը տղամարդու խոսք է տալիս, կարծես տղայական կռիվ է: Բայց ո՞ւր է այդ խոսքը: Ոչ մի կողմից կանաչ տարածք չունենք: Շրջակա բետոնի կույտի մեջ սա միակ կանաչ տարածքն է, որտեղ կարելի է հանգստանալ: Ե՞րբ են այդ գրպանավորները հասկանալու, որ ամեն ինչ չի գնվում: Մենք մեր բակն ենք պահանջում», ասում է Պ. Եղկյանը:

Շենքի բնակիչները հավաստիացնում են, որ կդիմեն դատարան, եթե այգու կարգավիճակը չփոխվի: «Վերջապես պետք է հասկանան, որ զոռբայությամբ ոչինչ չի որոշվելու, պետք է հասկանան, որ երկրում պետք է շարժվել օրենքներով», ասում է Քերոբյան Իգիթը:

Ապօրինի հողահատկացման հերթական դեպքն էլ Գայի արձանի հարեւանությամբ էր: Երբեմնի գեղեցիկ պուրակից այսօր ոչինչ չի մնացել: Քաղաքապետարանը այն օտարել է եւ վաճառել: Ծառերն ու թփերը կտրելուց հետո այժմ այգին վերածվել է մեծ շինհրապարակի, որտեղ ամենայն հավանականությամբ հերթական էլիտար խանութը կամ սրճարանը կկառուցեն:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4