Երբ ռուսաստանաբնակ հայազգի պատանիներ Գագիկն ու Ռուբենը իրենց ռուս, վրացի ու ադրբեջանցի ընկերների հետ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մանեժնայա հրապարակին կից սրճարանում դեկտեմբերի 11-ին նշելով Գագիկը ծննդյան օրըՙ դուրս եկան սրճարանից, նրանց վրա հարձակվեց ծայրահեղականների ամբոխը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնամոլ ծայրահեղականները «Ռուսաստանըՙ ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին» եւ այլ կարգախոսներով կազմակերպել են մասսայական անկարգություններ, որոնց արձագանքել են ՌԴ ղեկավար պաշտոնյաները: Նախագահ Մեդվեդեւը վստահեցրել էր, որ, առանց կասկածի, բոլոր մեղավորները պատժվելու են: Ինչ վերաբերում է կոնկրետ հայազգի պատանիներին, ապա նրանց ամբոխից պաշտպանել է ոստիկանությունը: Ինչպես երեւում է YouTube կայքում, ինչպես նաեւ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներում տեղադրված տեսահոլովակներից, Գագիկն ու Ռուբենը թաքնվել են շտապ օգնության մեքենայի տակ: Ռուս ընկերները փորձել են պաշտպանել «թխամորթ» պատանիներին, սակայն, ամբոխը հարձակվել է նաեւ նրանց վրա: Այժմ երկու հայազգի պատանիները տանն են: Ինչպես տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից, Գագիկի վիճակը գնահատվում է որպես միջին ծանր. նա մի քանի շաբաթ կանցկացնի անկողնում, քանի որ վնասվածքներ ունի: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ ավելի ծանր է տղաների ադրբեջանցի ընկերոջ վիճակը, որին մեջքից դանակահարել են: Բացի երկու հայ պատանիներից, տուժել է նաեւ հայազգի Սերգեյ Գասպարյանը, որը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի համակիր Եգոր Սվիրիդովի ընկերներից է: Նույն Սվիրիդովի, որի մահն էլ իբր թե ստիպել է ծայրահեղականորեն տրամադրված ամբոխին անկարգություններ կազմակերպել եւ «Ռուսաստանը մաքրել այլազգիներից»:
Հավելենք նաեւ, որ որոշ հյուսիսկովկասյան կայքերում, հատկապես անհատ բլոգերները կոչ են անում «վրեժխնդիր լինել ռուսներից»: Մասնավորապես, ըստ որոշ աղբյուրների, Մոսկվա են «գործուղվելու» ծայրահեղական տրամադրված երիտասարդներ Հյուսիսային Կովկասից: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի կովկասյան համայքների գլխավոր կազմակերպությունները, այդ թվումՙ Ռուսաստանի հայերի միությունը, կոչ են անում կովկասցիներին դուրս չգալ նման հանրահավաքների ու ավելորդ սրություն չհաղորդել միջադեպերին:
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից տուժել է 32 մարդ:
Հ. ԱՖՅԱՆ