«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2010-12-11 | #230, 2010-12-14 | #231, 2010-12-15


ԿՈՄԱՆԴՈՍ. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ժամանակ հայկական կողմի ցանկությունը` տեսնել ազատ եւ անկախ Ղարաբաղ, որեւէ տեղ ֆիքսված չէ: Սա գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) տեսակետն է:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունենում է այն, ինչին ձգտում է, համանախագահներն էլ միշտ հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին:

«Կարելի է ասել, որ Հայաստանը բանակցային բոլոր փուլերում պարտվել է», ասաց Կոմանդոսը «Արցախ» ակումբում:

Թեեւ Աստանայի գագաթաժողովում որեւէ արտասովոր զարգացում չեղավ, սակայն նախագահի ելույթում Կոմանդոսը վճռականություն է նկատել: «Կարելի է ասել` Հայաստանը նահանջից անցնում է հարձակողական դիրքորոշման»: Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ակնկալիքները գագաթաժողովից բազմաթիվ էին. հարեւան պետությունը ցանկանում էր զարգացնել իր հաջողությունները, սակայն Աստանայում որեւէ զարգացում տեղի չունեցավ: «Ադրբեջանը բավարարված չէ, իսկ մե՞նք: Մենք ոչինչ չունենք: Չունենք այնպիսի բնավորություն, որպեսզի իրականությունը ճիշտ ներկայացնենք, մինչդեռ Ադրբեջանը ՄԱԿ-ում շատ ուժեղ ներկայացուցչություն ունի»:

Ադրբեջանի հակահայ քարոզչությունը նա համարում է փուչիկ, որը կարող է հեշտությամբ պայթել հայ դիվանագետների լավ աշխատանքի եւ հայերի միասնականության պարագայում: Հակահայ քարոզչության դեմ պայքարելու համար Հայաստանը հիանալի բանակ ունի` հայկական սփյուռքը, սակայն նրա հետ աշխատանքն էլ թերի է: «Եթե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում հայերն իրենց ամբողջ ներուժն օգտագործեն, ԼՂՀ անկախության հաստատումը հաջողություն կունենա»:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության` «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագծին, որի քվեարկությունը խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց, եւ օրինագիծը չընդունվեց, Կոմանդոսն ասաց, որ պատրաստվում է հանդիպել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ եւ պարզել, թե ԼՂՀ անկախությունն ի՞նչ սահմաններով են նախատեսում ճանաչել:

«Եթե ճանաչումը ներկայիս սահմաններով պետք է ճանաչվի, ապա երկու ձեռքով կողմ եմ: Սակայն եթե ճանաչումը պետք է լինի մի քանի շրջան հանած` դեմ եմ»: Կոմանդոսի գնահատմամբ` ԱԺ մեծամասնությունը խնդրի վերաբերյալ միասնական հայեցակարգ չունի եւ սպասում է Սերժ Սարգսյանի արձագանքին:

«Եթե համապատասխան ցուցում լինի, ապա մեծամասնությունը գուցե անդրադառնա այդ հարցին», ասաց Կոմանդոսը` միաժամանակ ընդգծելով, որ ԼՂՀ ճանաչումը կարող է խնդիրներ առաջացնել միջազգային հանրության հետ եւ մեծացնել պատերազմի հավանականությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4