Նրանց 70.1 տոկոսը` կանայք
Նախորդ եռամսյակի համեմատ գործազրկության ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսով եւ դեկտեմբերի տվյալներով գործազրկության մակարդակը կազմում է 6.9 տոկոս:
Գործազրկության մակարդակը Սյունիքում կազմել է 10.1 տոկոս, Լոռիում` 11.1, Տավուշում` 8.7, Շիրակում` 9.6, Կոտայքում` 9.3, Երեւանում` 8.1:
Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է աշխատանք փնտրողների թիվը, այժմ նրանց թիվը կազմում է 95.500: Նվազել է նաեւ գործազուրկների թիվը: Հայաստանում հաշվառվել է 82.900 գործազուրկ: Նվազման պարագայում էլ թիվը մտահոգիչ է: Ներկայացրած տվյալները Զբաղվածության ծառայության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանինն են, մտահոգությունը` նույնպես:
Անցյալ տարի հունվարին գործակալությունը գրանցել է գործազրկության 7.3 տոկոս մակարդակ: «Ապրիլ-մայիսին ունեցանք գործազրկության մակարդակի կայունացում, դեկտեմբերին գրանցվել է գործազրկության 6.9 տոկոս: Շարունակում է մեծ թիվ կազմել գործազուրկ կանանց թիվը. գործազուրկների 70.1 տոկոսը կանայք են», ասաց Սոնա Հարությունյանը «Դե ֆակտո» ակումբում:
Հանրապետությունում գրանցվել են բժիշկների, ճարտարագետ տեխնոլոգների, բուժքույրերի, հաշվապահաների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, դերձակների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների, էլեկտրիկների եւ այլ մասնագիտություններով թափուր աշխատատեղեր:
Եթե մայրաքաղաքում բժիշկները գործազուրկ են, ապա մարզերում այդ մասնագիտությունն ամենապահանջվածներից է: Մարզերում կա բժշկի 267, բուժքույրի շուրջ 3.000 թափուր աշխատատեղ: Գործակալությունում տեղի ունեցած հանդիպումից հետո 68 գործազուրկ բժշկից միայն 3-ն են ընդունել մարզում աշխատելու առաջարկությունը:
Սոնա Հարությունյանի բնորոշմամբ` փաստն անհանգստացնող է. բացի նրանից, որ դժվարությամբ ստեղծված աշխատատեղերը չեն լրացվում, տվյալ շրջանի բնակչությունը չի ստանում կենսականորեն անհրաժեշտ ծառայություն:
Խնդիրը լուծելու նպատակով գործակալությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի մարզերի աշակերտները բուհ ընդունվեն առանց մրցակցության, սակայն պայմանով, որ ուսման ավարտից հետո նրանք պետք է աշխատեն իրենց բնակավայրում:
Այս տարվա 11 ամսվա ընթացքում աշխատաշուկայի ցուցանիշները առաջարկի եւ պահանջարկի մասով դինամիկ դրական փոփոխությունների են ենթարկվել: Ավելացել են թափուր աշխատատեղերը: Գործակալության մասնագետները հայտնաբերել են 8.000 թափուր աշխատատեղ, նախորդ տարվա 6.600-ի փոխարեն:
Սոնա Հարությունյանի ներկայացմամբ` դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրում գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունի 20.467 գործազուրկ: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.4 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ` 22.7 տոկոսով: Գործակալության ջանքերով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10 515 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.6 տոկոսով ավելի:
Վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գործազրկության մակարդակը գրանցվել է 2009-ի հունվարի 1-ին: Գործազրկությունը մեղմելու նպատակով տարեսկզբից հանրապետությունում անցկացվել է 6 աշխատանքի տոնավաճառ. աշխատանքի է տեղավորվել 450 մարդ:
Հ. Հ.