«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2010-12-11 | #230, 2010-12-14 | #231, 2010-12-15


ՉՎՏԱՆԳԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

Դաշնակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նստաշրջանը

ԱԺ արտահերթ նստաշրջանի հերթական նիստը սկսվեց խորհրդարանական ընդդիմության` «Դաշնակցություն» եւ «ժառանգություն» խմբակցությունների բոյկոտով: Նրանք հրաժարվում էին կառավարության ներկայացրած օրինագծերը քննարկել արագ ռեժիմով:

Պատգամավորներն այս մոտեցումը հիմնավորեցին այն փաստով, որ մի քանի օրում անհնար է քննարկել եւ ընդունել մի քանի տասնյակ օրինագծեր:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` մեկ տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքը փորձում են հիմա «սղացնել»:

«Այս ոճը չենք ընդունում: Ընդ որում, այնտեղ կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ կքվեարկեինք, ինչը չենք անելու: Չենք անելու հետեւյալ պատճառով` առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում այնքան կարճ ժամանակ է դրված, որ պարզ է դառնում` ոչ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ոչ էլ կհասցնի առաջարկություններ անել»:

Հովհաննիսյանի գնահատմամբ` ժամանակն այնքան քիչ է, որ կառավարությունն անգամ չի հասցնի քննարկել իրենց առաջարկությունները:

«Մենք այս արտահերթ նստաշրջանի օրակարգին չենք մասնակցելու` ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը: Դա աշխատաոճին է վերաբերում, ոչ թե օրենքների բովանդակությանը, որը նույնպես անպայման այլանդակություն է, բայց հիմա ես դրա մասին չեմ ցանկանում խոսել, որովհետեւ չեմ էլ հասցրել կարդալ», ասաց Հովհաննիսյանը:

Դաշնակցական պատգամավորի հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ` նշելով, որ թույլ չի տա որեւէ ինստիտուտի ոտնահարել պատգամավորների իրավունքները:

Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո կառավարության վարքագծից դժգոհություն հայտնեց «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ լեզվի, աղբահանության, կենսաթոշակային խնդիրներին վերաբերող նախագծերը հնարավոր չէ քննարկել նման պայմաններում:

Խորհրդարանի աշխատանքը վերականգվեց միայն մի քանի անգամ 20 րոպե տեւող ընդմիջումներից հետո. ՀՅԴ-ն չմասնակցեց քննարկմանը:

«Համաձայն եմ, որ կան նման մի քանի օրենքներ, որոնք ներկայացված են արտահերթ նստաշրջանում, որ 3 ընթերցմամբ ընդունենք: Վարչապետի հետ խոսել ենք, քննարկել եւ մի քանի օրենքի մասին եկել համաձայնության, որ մեկ ընթերցում ենք անելու: Այնտեղ մնում է 2 օրենք, որոնք 3 ընթերցում պետք է անենք, որովհետեւ փաթեթում կան նախագծեր, որոնք գործելու են հունվարի մեկից», ասաց Հովիկ Աբրահամյանը:

Օրակարգում ընդգրկված 35 հարցերը կքննարկվեն այսօր: Օրակարգում ներառված է նաեւ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու օրինագիծը:

Երեկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության մի քանի տասնյակ ցուցարարներ կրկին ԱԺ մուտքի մոտ էին: Նախ ցուցարարները հավաքվեցին Հանրապետության հրապարակում եւ կառավարության շենքի դիմացից սկսեցին երթը` քայլելով դեպի Բաղրամյան փողոց:

«Կրթությունը` հայերեն», «Լեզվի հարցում ոչ մի զիջում», «Հայաստանում պետական լեզուն հայերենն է» հայտարարություններով ցուցապաստառներով նրանք դիմավորում էին խորհրդարան մտնող պատգամավորներին:

«Հայաստանի պետական լեզուն պետք է լինի հայերենը, որպեսզի միջազգայնագիտությունը, Հայաստանի ապագա ուժը միջազգային հարաբերություններում հիմնված լինի հայերենագիտության եւ հայաստանակենտրոն քաղաքակրթության, լեզվի, մշակույթի եւ քաղաքականության վրա», ասաց ԱԺ շտապող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախաձեռնության անդամները արդեն մի քանի նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին եւ չվտանգել հայոց լեզվի գոյությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4