Ի՞նչ պետք է սովորեն գործարարները
Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) տնօրեն Գագիկ Մակարյանը եւ «Բիզնեսի աջակցման կենտրոն» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը :
Գագիկ Մակարյանը ներկայացրեց Հայաստանում փոքր բիզնեսի գործունեության արդյունավետության վերաբերյալ ցուցանիշները: Ըստ նրա, թեեւ գրանցված են շուրջ 130 հազար փոքր ընկերություններ, բայց նրանք համախառն ներքին արդյունքի մեջ (ՀՆԱ) ունեն ընդամենը 42 տոկոս, իսկ զբաղվածության առումով այդ ընկերություններում ընդգրկված են 220-250 հազար մարդ: Փոքր բիզնեսը չունի բարձր արտադրողականություն, քանի որ չունի կառավարման բարձր մակարդակ: Բացի այդ, փոքր բիզնեսը չունի վարկեր ստանալու հնարավորություններ: Այն սկսում է գործել հիմնականում սեփական միջոցներով, եւ երբ կրկին ներդրման կարիք է լինում, միջոցներ չեն գտնվում դրանք ներդնելու համար: Բանկերը հակված չեն փոքր բիզնեսի հետ աշխատելու, քանի որ նույն աշխատանքը պետք է կատարեն, ինչ մեծ ընկերության հետ, բայց ավելի փոքր արդյունք ստանան: Փոքր բիզնեսը չունի բարձր մրցունակություն, ինչի հետեւանքով արտահանման մեջ նրա արտադրանքը կազմում է ընդամենը 9 տոկոս: Առկա է նաեւ անհավասար մրցակցության խնդիրը:
Խոսելով վերոնշյալ խնդիրների մասինՙ Գագիկ Մակարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ սկսնակ ընկերությունները ճիշտ իմանան երկրի օրենքները, ճիշտ հաշվարկներ կատարեն, շուկայի ուսումնասիրություն իրականացնեն:
«Բիզնեսի աջակցման կենտրոն» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը ցածր է: Նա նշեց, որ երկու կարեւոր հարցի լուծումՙ մրցունակության բարձրացում եւ կոռուպցիայի նվազում: Ըստ Սամվել Գեւորգյանի, քիչ է նաեւ սովորել ցանկացող գործարարների թիվը: Այդ բացը որոշ չափով լրացնելու համար «Բիզնեսի աջակցման կենտրոնը» հրատարակել է «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» գրքույկը, որտեղ հայաստանյան ընկերությունների փորձի հիման վրա նկարագրվում են բիզնես սկսելու, վարելու համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման ճանապարհները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ