Մի քանի բժշկական կազմակերպությունների եւ Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության միջեւ նոյեմբերի 5-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել: Նշված կազմակերպություններն են «Հայկական բժշկական ասոցիացիան», «Հայկական հոգեբուժական ասոցիացիան» եւ «Հայկական դեղագործական ասոցիացիան»:
Երեկ «Հենարան» ակումբում կազմակերպությունների նախագահներն ու ԴԱՆ միության տնօրեն Սամվել Զաքարյանը ներկայացրին համատեղ աշխատանքների ծրագիրը, որի նպատակն է կարգավորել դեղագործական ու բժշկական դաշտերը:
Սամվել Զաքարյանի կարծիքով` դեղագործության ոլորտում նկատելի առաջընթաց կա: Որ կառավարությունն ընդունել է GMP ստանդարտները (պատշաճ արտադրական գործունեությունը), Սամվել Զաքարյանը համարեց բավականին հաջող քայլ. «Վերջապես Հայաստանի դեղագործների համար էլ կսկսեն գործել եվրոպական ստանդարտները, եւ հայ դեղագործները կունենան սերտիֆիկատ, որով կկարողանան ներկայանալ տարբեր երկրներում»: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներ Հայաստանից դեղորայք արդեն արտահանվում է, թե կոնկրետ ո՞ր դեղերն են արտահանվումՙ «Հայկական դեղագործական ասոցիացիայի» նախագահ Ղուկաս Ուլիխանյանը անուններ չնշեց. «Արտահանվում են հեղուկներ, հոգեմետ դեղեր, հաբեր եւ սրվակներով դեղորայք»:
Այնուհետեւ բանախոսներն անդրադարձան իրենց համատեղ ծրագրերին: «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանի փոխանցմամբ` ապրիլին Երեւանում համաշխարհայի հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողով է անցկացվելու. «Բացի դրանիցՙ կարեւոր է, որ դեղագործական ու բժշկական կազմակերպությունները կարողանան ճիշտ համագործակցել տարբեր բացասական երեւույթներից խուսափելու համար»:
Բանախոսները նշեցին, որ նախատեսվում է կազմակերպել համատեղ համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ ու քննարկումներ, ինչպես նաեւ մշակել ու իրականացնել կեղծ դեղերի շրջանառության ու առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի տարեկան ծրագիր: «Կեղծ դեղերի դեմ պայքարն այսօր աշխարհում մեծ խնդիր է, մենք եւս աշխատելու ենք կեղծ դեղերի դեմ պայքարի ուղղությամբ», ասաց Ղուկաս Ուլիխանյանը եւ այս հարցում կարեւորեց սպառողների տեղեկացվածության մակարդակը: Սպառողը պետք է կարողոնա տարբերել կեղծ դեղն իրականից եւ իմանա, թե Հայաստանում ո՞ր դեղորայքն է գրանցված:
Ղուկաս Ուլիխանյանը ավելացրեց, որ բժիշկն էլ կարող է նշանակել չգրանցված դեղորայք, քանի որ բժիշկն էլ իրազեկ չէ, թե Հայաստանում ո՞ր դեղերն են գրանցված: Դեղագործական ասոցիացիայի նախագահի կարծիքով` ընդհանրապես կեղծում են այն դեղերը, որոնց շրջանառությունն ավելի մեծ է, եւ դրանք ներկրվում են Հայաստան արտերկրից, ոչ թե Հայաստանում են կեղծվում: Բացի ճանաչողական քարոզարշավիցՙ այս 4 կազմակերպությունները նախատեսում են նաեւ մոնիտորինգ անցկացնել կեղծ դեղերը հայտնաբերելու նպատակով:
Այնուամենայնիվ, Ղուկաս Ուլիխանյանն ասում է, որ կեղծ դեղերի շրջանառության առումով Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ ավելի լավ վիճակում է. «Ներկայումս մինչեւ 5-6 տոկոս էլ չի կարող հասնել կեղծ դեղերի շրջանառությունը»: Սամվել Զաքարյանն ավելի կոնկերտ տվյալներ տրամադրեց. «Կեղծ դեղերի շրջանառությունն օգոստոս ամսին կազմում էր 1,5 տոկոս»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ