Նոյեմբերի 30-ի «Եթե ուշադիր լիներ, երեխաս չէր մահանա» հոդվածում «Ազգ» օրաթերթն անդրադարձել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը, երբ 5 օրական նորածինը թթվածնային քաղցի պատճառով մահացել էր: Ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում էին բժշկին:
«Մեր նպատակն է, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն, որ ուրիշի ծնողները չապրեն այն, ինչ մենք ապրեցինք, որ բժշկի սխալի պատճառով ուրիշ փոքրիկներ չմահանան», ասել էր փոքրիկի մայրը` Ծովինար Աբգարյանը:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը քննել է գործը:
«Գործի քննության ավարտին նախարարը հանձնարարական է տվել «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին` աշխատանքից ազատել նույն հիվանդանոցի բժիշկ Դավիթ Աբրահամյանին` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար», «Ազգի» հետ զրույցում ասաց փոքրիկի հայրըՙ Ալբերտ Աբգարյանը:
Ծնողները դիմել են ոստիկանություն, գործը քննում է ոստիկանության Մաշտոցի շրջանի բաժամունքը: Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով` երբ բժշկական օգնություն իրականացնողը թերացել է, եւ անզգուշության հետեւանքով հիվանդը մահացել է:
Հ. Հ.