Թռչնարտադրողների Նոր տարվա նախօրեի «նվերը» սպառողներին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների կողմից Նոր տարվա կամ Զատկի տոների նախօրյակին բնակչությանը տհաճ անակնկալներ մատուցելը արդեն տարիների պատմություն ունի եւ վերածվել է ավանդույթի: Այս դեկտեմբերը նույնպես բացառություն չդարձավ: Ինչպես եղել է բազմիցս, այս անգամ եւս, մեկ օրվա ընթացքում, դեկտեմբերի 15-ին ձվի գինը 50-55 դրամից բարձրացավ 60-65 դրամի:
Ընդամենը 2 ամիս առաջ նույն կերպ վարվեցին պանիր արտադրողները, իրենց արտադրանքի գները միանգամից բարձրացնելով 30-60 տոկոսով: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այդ կապակցությամբ մեր հրապարակմանը որպես հերքում գրված պատասխանում նախ բացառեց որեւէ հակամրցակցային պայմանավորվածության առկայությունն այստեղ, ապա այնուամենայնիվ, որոշեց լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել, եւ պարզեց, որ գների չհիմնավորված բարձրացում եղել է եւ տեղի է ունեցել շուկայում առավել մեծ մասնաբաժին ունեցող ընկերության կողմից: Սակայն որեւէ կերպ պատժել մրցակցություն խաթարող ընկերությանը (տվյալ դեպքումՙ «Աշտարակ-կաթին») այդպես էլ չկարողացավ:
Վերադառնանք, սակայն, ձվի գների բարձրացմանը: Գրեթե վստահ ենք, որ թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները կսկսեն հեքիաթներ պատմել, որ հենց այդ օրը թռչնի կերը ամբողջ աշխարհում բարձրացավ մի քանի կամ գուցե մի քանի տասնյակ անգամ, եւ իրենց հավերն էլ որոշեցին ավելի թանկ ձու ածել: Կամ էլ վերստին կսկսեն պատմել, թե ինչ դժվարությամբ են իրենք գործում, ինչ խնդիրներ են հաղթահարում տրանսպորտային փոխադրումներ կատարելիս, ինչ դժվար է նման պայմաններում բիզնես պահելը, կարծես թե դրա համար սպառողներս ենք մեղավոր կամ էլ իրենց շահույթը կիսում են մեզ հետ: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ սննդամթերքի պահանջարկն ընդհանրապես, ձվինըՙ մասնավորապես, Նոր տարվա նախօրեին ավելանում է, ինչից մշտապես օգտվում են թռչնարտադրողները: Մասնավորապես, ըստ «Երեւան-սիթի» սուպերմարկետների տվյալների, Լուսակերտի եւ Երեւանի թռչնաֆաբրիկաների, «Աշտարակ ձու» ընկերության, Արզնի ԹՏԽ արտադրած ձվի գները բարձրացել են 5-15 դրամով:
Այս կացության մեջ հետաքրքրական է, թե ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Ի տարբերություն պանրի շուկայի, այստեղ գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Բացի այդ, ձվի գների չհիմնավորված բարձրացման համար մեկ անգամՙ 2006-ի դեկտեմբերին հանձնաժողովն այս ընկերություններին տուգանել է: Կկարողանա՞ հանձնաժողովն ապացուցել, որ տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում կամ հակամրցակցային համաձայնություն: Գոնե այս անգամ, նկատի ունենալով նախադեպի եւ գերիշխող դիրք ունեցողների առկայությունը, պետք է որ կարողանա: Իսկ եթե այս անգամ էլ դա տեղի չունենա, իմաստ չունի անգամ հուսալ, որ այս հանձնաժողովը գոնե ապագայում որեւէ դեր կունենա մրցակցության պաշտպանության ոլորտում: Իսկ որ ներկայումս հանձնաժողովը պարզապես անիմաստ գոյություն է պահպանում, վատնելով պետական բյուջեի միջոցները, վկայում են պարբերաբար կրկնվող գնային անոմալիաները տարբեր ապրանքային շուկաներում եւ դրանց վրա որեւէ կերպ ազդելու հանձնաժողովի անկարողությունը: