Նույն օրը (դեկտեմբերի 14-ին), երբ Երեւանում մեկնարկեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովը, Լոնդոնին մերձակա քաղաքներից Իլինգի քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը, հայաշատ քաղաքում բանաձեւը քվեարկության են դրել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող աշխատավորական կուսակցության անդամները: Ի դեպ, կուսակցության անդամներից մեկը հայ է` Արա Իսկանդարյանը , որը կարեւոր դերակատարություն է ունեցել բանաձեւը քվեարկության դնելու եւ հաստատելու հարցում: Հայ դատի գրասենյակից տեղեկանում ենք նաեւ, որ. «Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմամբ հնարավոր եղավ նաեւ Իլինգ քաղաքի հրապարակում տնկել Հայաստանից բերված ծիրանենին, որի տակ կզետեղվի բանաձեւի օրինակը»: 2009-ի ապրիլին Իլինգի քաղաքապետարանը արգելել էր Հայոց ցեղասպանությունը հիշատակող որեւէ արարողություն քաղաքում:
Հ. Ա.