Ինչպես հայտարարել էին նախօրեին, ՀՅԴ խմբակցությունը երեկ շարունակեց բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանն ու չմասնակցեց օրենքների քննարկմանը եւ քվեարկությանը:
Մինչեւ բոյկոտը վարման կարգով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ երեկ իրենք պետական գնումների օրենքի վերաբերյալ առաջարկություններ են ուղարկել, որոնք մերժվել են:
«Կարելի էր ակնկալել, քանի որ մի քանի ժամվա մեջ կառավարությունը չէր կարող դա լուրջ քննարկել», ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ խմբակցությունը առաջարկությունների եւ մտահոգությունների փաթեթ է կազմել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ շարունակեց, որ փաթեթը ստացել է եւ կփոխանցի կառավարության համապատասխան ներկայացուցչին:
Այնուհետեւ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ անդրադառնալով «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքինՙ հայտարարեց, որ օրինագծում կան խախտումներ, հետեւաբար պահանջում են 20 րոպե ընդմիջում:
Ընդմիջմանը «Ժառանգություն» խմբակցության անդամներն ու ԱԺ նախագահը բանավիճում էին: Ընդմիջումից հետո «Ժառանգությունը» չմասնակցեց քվեարկությանն ու խորհուրդ տվեց գործընկերներին չմասնակցել քվեարկությանը, սակայն «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը անցավ:
Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության ներկայացրած օրինագիծը` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանի ներկայացմամբ:
Նրա գնահատմամբՙ օրենսդրական նոր փաթեթով նախատեսվում է պատժամիջոցների զգալի խստացում:
«Հանձնաժողովի վերահսկողական կարողությունների ուժեղացում է նախատեսվում, անհստակությունները փորձել ենք վեր հանել, որոնցով տնտեսվարողները բողոքարկել են մեր որոշումները դատարանում, խուսափել պատասխանատվությունից: Փորձել ենք այդ սողանցքերը փակել: Մեր հանձնաժողովի տեղեկատվության հավաքագրման աղբյուրները կընդլայնվեն:
Նոր իրավական դրույթներ ենք սահմանել համակենտրոնացումների համար, հստակեցրել ենք մի շարք ընթացակարգեր, որոնք կնպաստեն օպերատիվության բարձրացմանն ու արագ արձագանքմանը»:
ՏՄՊՊՀ նախագահի ներկայացմամբ` անբարեխիղճ մրցակցության դեպքում տուգանքի մեկ միասնական չափ է սահմանված` 500.000 դրամի չափով:
«Վերին շեմ ենք սահմանել, որը կախվածության մեջ ենք դրել տնտեսավորղ սուբյեկտի հասույթիցՙ հասույթի 0.1 տոկոսի չափով: Միաժամանակ ստորին շեմը նվազեցրել ենք, քանի որ հնարավոր են դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտը միտումնավոր չի կատարել խախտումը կամ առաջին անգամ է խախտում եւ ունի փոքր բիզնես»: Գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանքների չափը սահմանվել է շրջանառության 5 տոկոսի չափով, որը հասնում է մինչեւ 500 մլն դրամի: Շաբոյանի փոխանցմամբ` նոր օրենքով նախ տնտեսվարող սուբյեկտներին կզգուշացնեն չարաշահումների մասին, այնուհետեւ կտուգանեն:
«Եթե 1-2 օրվա ընթացքում հանձնաժողովը անհիմն թանկացումների դեմը չի կարողանալու առնել եւ չեք կարողնալու հարցը լուծել, ապա օրենքի նախագիծն անիմաստ է, որովհետեւ հետագայում հանձնաժողովի կիրառած տուգանքները բնակչության համար որեւէ նշանակություն չեն ունենա», արձագանքեց պատգամավոր Արծրունի Աղաջանյանը :
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանի մեկնաբանությամբ` ներկա օրենքում հանձնաժողովի կիրառած տուգանքների ինստիտուտը սիմվոլիկ է:
«Տնտեսական դաշտում շրջանառության մեջ մասնակցող կողմերը կարող են խախտումներ թույլ տալ, որոնց արդյունքում կապահովեն գերշահույթներ, բայց կարող են տուգանվել սիմվոլիկՙ 500.000 դրամով, որը տնտեսվարող սուբյեկտը միլիոնների գերշահույթների պարագայում ուրախությամբ կտա»:
Օրենքի նախագիծը դրական գնահատելով` Վիկտոր Դալլաքյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երկրում ապրանքների թանկացումները հատկապես տեղի են ունենում նախընտրական շրջաններում, «Թանկացումներով ստեղծված գերշահույթները կենտրոնանում են քաղաքական օֆշորներում եւ ուղղվում են քաղաքական խնդիրներ լուծելու, ընտրողներին կաշառելու: Հայաստանում կա եւ շարունակում է բարգավաճել տնտեսական կլանայնությունը, որը միահյուսվում է քաղաքական կլանայնության հետ, եւ այդպիսի պետությունն ապագա չի կարող ունենալ»:
ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի այսօր: Ամենայն հավանականությամբ այսօր քվեարկության կդրվի նաեւ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Հ. Հ.