Դեկտեմբերի 17-ին Երեւանի ավագանու նիստը ընտրելու է նոր քաղաքապետին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպվել էր հրաժարականի դիմում ներկայացնել` նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու համար:
Երեկ ՀՀԿ-ն գործադիր նիստ էր հրավիրել, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, նիստում պետք է որոշվեր նաեւ քաղաքապետի թեկնածուի հարցը: Սակայն գործադիր նիստում որոշվել է քաղաքապետի թեկնածուի անունը որոշել այսօր կայանալիք նիստում:
Թեպետ Երեւանի քաղաքապետի «աթոռին» հավակնում է նաեւ փոխքաղաքապետ, ներկայիս քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, իշխող կուսակցությունը կառաջադրի «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Հ. Հ.