«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2010-12-14 | #231, 2010-12-15 | #232, 2010-12-16


ՊԼԱԿԱՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Պլակատային արվեստը կերպարվեստի ճյուղերից է: Այսօր Հայաստանում քիչ մարդիկ են զբաղվում պլակատային արվեստով, մինչդեռ խորհրդային տարիներին շատ լավ ավանդույթներ ենք ունեցել. անցկացվել են պլակատի միջազգային մրցույթներ: Նկարիչ, դիզայներ Արթուր Մանուկյանն ասում է, որ պլակատը խորհրդային միության քաղաքական ու մշակութային կյանքում կարեւոր նշանակություն է ունեցել: Արթուր Մանուկյանը մեզանում այն քչերից է, որին հետաքրքրում է պլակատը, հիմա նա զբաղվում է արվեստի նաեւ այս ճյուղով: Հայաստանում ներկայումս պլակատային արվեստն անտեսված ոլորտ է, սակայն Արթուր Մանուկյանը կարծում է, որ պլակատային արվեստն անհրաժեշտ է բոլոր ժամանակներում, քանի որ այն խոսում է արդի խնդիրներից այսօրվա տեխնոլոգիաներով ու արտահայտչամիջոցներով: «Պլակատը խոսում է լակոնիկ լեզվով, բայց միաժամանակ խոր ու ազդեցիկ, նրա լեզուն ունիվերսալ է, եւ պլակատը պետք է կարողանա շատ բան ասել քիչ արտահայտչամիջոցներով», հավելում է նկարիչը եւ ընդգծում. «Չկա որեւէ պետություն ու հասարակություն, որոնք չունեն խնդիրներ, հետեւաբար եթե կան խնդիրներ, կա նաեւ պլակատային արվեստի անհրաժեշտությունը»: Պլակատը հասանելի է հասարակության լայն շերտերին, եւ չի ճանաչում ռասսա ու ազգություն: Դիզայներ, արվեստաբան Հասմիկ Մանուկյանն էլ նշում է, որ պլակատը հասարակության վրա ներազդելու լավ միջոց է, սակայն հիմա պլակատն արժանի կերպով չի գնահատվում: Հասմիկ Մանուկյանը եւս զբաղվում է պլակատային արվեստով, նա Հայաստանի նկարիչների միության պլակատի սեկցիայի անդամներից է:

Գոյություն ունեն տարբեր տեսակի պլակատներ, օրինակ` աֆիշն ինֆորմացիոն պլակատ է, որը բարձրաձայնում է ինչ-որ միջոցառման, ֆիլմի կամ թատերական ներկայացման մասին: Արժեքավոր ֆիլմերը պահանջում են, որ աֆիշը լինի ազդեցիկ ու որակյալ, քանի որ իր գեղարվեստական արտահայտչամիջոցներով եւ լուծումներով այն գրավում է հանդիսատեսին եւ հետաքրքրություն առաջացնում տվյալ ֆիլմի հանդեպ: Լինում են նաեւ գովազդային ու քաղաքական պլակատներ: Որպես կանոն քաղաքական ուղղվածությամբ պլակատները շատ սուր եւ դիպուկ են լինում:

Արթուր Մանուկյանն ասում է, որ հիմա պլակատի ֆունկցիան իրենց վրա են վերցրել զանգվածային լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, որը լուսաբանում է այս կամ այն խնդիրն ու շատ արագ տարածում ինֆորմացիան: Նկարիչը կարծում է, որ հեռուստատեսությունն ի տարբերություն պլակատի` խնդիրներից խոսում է «չոր» լրատվության միջոցով. «Իսկ պլակատը գաղափարը ներկայացնում է գեղագիտորեն, ինչը հասարակության լայն շերտերի վրա ունենում է ավելի մեծ ու նպաստավոր ազդեցություն, քան «չոր» ինֆորմացիան: Հենց դա է պլակատի յուրահատկությունը»:

Անդրադառնալով պլակատային արվեստի պատմությանը` Արթուր Մանուկյանն ասում է, որ պլակատային գիտակցության եւ էսթետիկայի առաջին ծաղիկները եղել են պատերին փակցվող թռուցիկները, բայց որպես արվեստ այն ձեւավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Անցյալ դարի սկզբին սկսեցին տպել ռուսական թատրոնների աֆիշները: Եվրոպան նույնպես ունի պլակատային արվեստի ավանդույթներ: Ա. Մանուկյանն ասում է, որ Լեհաստանում միշտ անցկացվել են պլակատի հեղինակավոր մրցույթներ: Խոսելով արվեստի այս ճյուղի պատմությունից` Հասմիկ Մանուկյանն ավելացնում է, որ պլակատի զարգացման գործում մեծ դեր է խաղացել ֆրանսացի հայտնի նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, իսկ ինչ վերաբերում է հայ հեղինակներին, Հասմիկ Մանուկյանն առանձնացնում է հայազգի Գեորգի Յակուլովին, որն ապրել ու ստեղծագործել է Եվրոպայում: Արվեստաբանն ասում է. «Ի տարբերություն Հայաստանի` աշխարհում պլակատային արվեստն անտեսված չէ, եւ շարունակում է զարգանալ այլ երկրներում»: Հ. Մանուկյանը հիշում է, որ Ղարաբաղյան շարժման տարիներին Հայաստանում պլակատային արվեստը հանդես եկավ նոր շնչով. «Ցույցերին մարդիկ գնում էին պլակատներով, որոնք յուրաքանչյուրն իր ձեռքով էր նկարում: Նույնիսկ այդ ժամանակ սկսեց զարգանալ քարտեզային պլակատի ուղղությունը: Քարտեզային պլակատ ես նույնպես նկարել եմ, այդ ժամանակ կարեւոր դեր ուներ պլակատը, բայց հետո դրա հանդեպ հետաքրքրությունը սկսեց նվազել»:

Ժամանակի ընթացքում նոր տեխնոլոգիաները, ներթափանցելով մեր կյանք, իրենց ազդեցությունն ունեցան նաեւ արվեստի բնագավառում` այդ թվում եւ պլակատային արվեստի: Արթուր Մանուկյանն ասում է, որ շատ պլակատներ հիմա նկարում է համակարգչային գրաֆիկայով. «Այսօր արդիական չէ նկարել պլակատներն այնպես, ինչպես արվում էր 50 տարի առաջ, քանի որ փոխվել են տեխնոլոգիաները: Հիմա մատիտի փոխարեն համակարգչային ծրագրեր եմ կիրառում, բայց փոխվել է միայն իմ գործիքը, իսկ արտահայտչամիջոցներն ու գաղափարը մնացել են նույնը»:

  Հասմիկ Մանուկյանը եւս նշում է, որ համակարգչային ծրագրեր ավելի շատ է կիրառում. «Համակարգիչը ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ու ազատություն է տալիս: Համակարգչով հնարավոր է օգտագործել ավելի շատ տարրեր եւ ստանալ ավելի որակյալ ու հետաքրքրական պլակատ»:

Որպեսզի Հայաստանում պլակատային արվեստը շարունակի զարգանալ, զրուցակիցներս կարծում են, որ անհրաժեշտ է նաեւ պետական ուշադրություն: «Ընդհանրապես մշակույթը` այդ թվում եւ պլակատային արվեստը, պետական մոտեցման խնդիր ունեն, ինչը կխթանի այս ճյուղի զարգացումը», ասում է Արթուր Մանուկյանը: Եթե անընդհատ խոսվի պլակատից, կազմակերպվեն մրցույթներ եւ լինեն պարգեւավճարներ, նկարիչները կձգտեն ստեղծագործելու նաեւ այս ոլորտում: «Երբ վերածնվի եւ նոր շնչով սկսի զարգանալ պլակատային արվեստը, կլինի մրցակցություն պլակատի եւ զանգվածային լրատվամիջոցների միջեւ, ու պլակատային արվեստը կսկսի զարգանալ», ավելացնում է Արթուր Մանուկյանը: Բացի վերոնշյալից հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ աշխատանքների որակին: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվում ոչ այդքան մասնագիտական ուղղվածությանը, որքան` բարեկամական կապերին: Հայաստանում գործում է ծանոթ-բարեկամ մեխանիզմը», ասում է Հասմիկ Մանուկյանը: Հարցիս արդյոք զրուցակիցներս ունենու՞մ են պլակատի պատվերներ, Արթուր Մանուկյանը բացասական պատասխան է տալիս. «Բացի այդ` պլակատի նշանակությունը քչերն են հասկանում»: Հասմիկ Մանուկյանը պատվերներ ունենում է նկարիչների միությունից եւ տարբեր գովազդային ֆիրմաներից, որոնք պատվիրում են գովազդային պլակատներ: «Այս ասպարեզի մասնագետներն անտեսվում են: Օրինակ` Երեւանի քաղաքապետարանն ու նախարարությունները կոնկրետ մի մարդու են տալիս իրենց պատվերները, այսինքն` իրենք իրենց մարդն ունեն, բայց լավ կլինի` պլակատի դեպքում ազատ մրցույթ հայտարարվի, որին մասնակցելու հնարավորություն կունենան տարբեր մարդիկ, եւ ժյուրին էլ կընտրի լավագույն աշխատանքը»:

Միանշանակ ասել, թե պլակատին բացարձակ ուշադրություն չի դարձվում, սխալ կլինի: 2009 թվականին Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, Սփյուռքի նախարարությունը եւ Նկարիչների միությունը հայտարել էին կերպարվեստի լավագույն գործերի մրցանակաբաշխություն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Հասմիկ եւ Արթուր Մանուկյանները մասնակցել են այդ մրցանակաբաշխությանը, եւ այս տարի դարձել դափնեկիրներ: Մեծ եղեռնի թեմայով նրանց պլակատներն արժանացել են մրցանակների: Զրուցակիցներս տարբեր մրցույթների ու ցուցահանդեսների են մասնակցել, ստեղծագործում են տարբեր թեմաներով, բայց Հասմիկ Մանուկյանն ասում է, որ իրեն ավելի հոգեհարազատ են հայրենասիրական թեմաները: Արթուր Մանուկյանը պատմում է, որ պլակատային արվեստով միշտ էլ հետաքրքրվել է, հիշում է երբ դեռ սովորում էր Գեղարվեստի պետական ակադեմիայում, մասնակցել է պլակատի հանրապետական ցուցահանդեսի. «Այդ ժամանակ իմ առաջին պլակատը` «Խղճի ազատությունը» շահեց 2-րդ մրցանակը: Դա եղավ խթան, որպեսզի զբաղվեմ պլակատային արվեստով»: Հասմիկ Մանուկյանն էլ հիշում է, որ իր առաջին մրցանակին արժանացել է 2004 թվականին հակակոռուպցիոն թեմայով մի պլակատի շնորհիվ: Այդ պլակատը նա ներկայացրել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած մրցույթին: Զրուցակիցներս մրցանակներ են ստացել նաեւ 2005-ին «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» ու Ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ կազմակերպված պլակատային մրցույթի ժամանակ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4