«Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009թ. հոկտեմբերի 19-ին եւ 2009թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման ու հայկական զորախմբի թվակազմի վերաբերյալ համաձայնագիրը երեկ խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Օրենքի նախագիծը արժանացավ խորհրդարանական բոլոր ուժերի հավանությանը:
Անցյալ տարի ԱԺ վավերացված համաձայնագրով նախատեսվում էր Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում ընդգրկել 40 հոգուց բաղկացած հայկական զորախումբը: Համաձայնագիրը գործելու էր 12 ամսվա ժամկետով: Ժամկետի ավարտից հետո նախարարությունը ներկայացրեց նախագիծ, որը ենթադրում էր պայմանագրի երկարաձգում եւս 12 ամիս ժամկետով:
«Գերմանական հրամանատարության ներքո գտնվող հայկական զորախմբի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 հրահանգիչների օպերատիվ ուսուցման եւ փոխգործողության բազմազգ խմբերի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ: Անհրաժեշտություն է առաջացել եւս 12 ամսով երկարաձգել Աֆղանստանում միջազգային անվտանգության կազմում մեր ստորաբաժանումների մասնակցության ժամկետը, նաեւ կազմը 40 հոգուց հասցնել առավելագույնը 45-ի», օրենքի նախագիծը ներկայացրեց Սեյրան Օհանյանը:
Հ. Հ.