«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2010-12-15 | #232, 2010-12-16 | #233, 2010-12-17


WikiLeaks-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ «ՇԱՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, պարզվում է, շատ է սիրում բամբասել կամ առնվազն «ներկայացնել» իր դատողություններն ու գնահատականները տեղի ունեցող եւ չունեցող տարբեր երեւույթների առնչությամբ: Ամեն դեպքում, ըստ Wikileaks կայքէջի, որ շարունակում է բացահայտել ամերիկյան դիվանագետների «դիվանագիտական» հաղորդագրություններն ու գաղտնի փաստաթղթերը, Ալիեւը քաղաքական գործիչ ու երկիր, երկրի ղեկավար ու միջազգային կազմակերպություն չի թողել, որի մասին կարծիք արտահայտած չլինի ամերիկյան դիվանագետների հետ շփումներում:

«Guardian»-ի վերջին հրապարակման համաձայն, Ալիեւը հասցրել է նաեւ դժգոհել «Բրիթիշ պետրոլիումից», թե վերջինս «թեթեւակի շանտաժի է ենթարկում» Արդրբեջանին: Զուտ գազային հարաբերությունների կտրվածքով դրանցում Ադրբեջանն ու նավթային ընկերությունը, ըստ 2006 թ. գրված ու ներկայումս գաղտնազերծված փաստաթղթերի, փաստացի առաջնորդվում են ամենասովորական «բազարի» կանոններով:

Ալիեւն իր հերթին է սրա-նրա քթի առաջ խաղարկում այդ ժամանակահատվածում գազ գնելու Ռուսաստանի ներկայացրած առաջարկը, բրիտանական ընկերությունն էլ իր շահերի շրջանակներում է շահարկում իր հնարավորությունները` որոշ հարցերում զիջումներ անելու պատրաստակամությունը Ալիեւի վրա «վաճառելով» Ադրբեջանում գործունեություն ծավալելու մասին պայմանագիրը երկարաձգելու դիմաց:

Առավել հետաքրքրական է, որ այս ամենը Միացյալ Նահանգներ է հասցրել հենց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ընդ որում` «Բրայզայի ուշադրությանը»: Ընդ որում, ըստ գաղտնազերծված հաղորդագրության, Ալիեւը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել մինչ այդ Բաքու այցելած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ քննարկումների մանրամասները: Այս ժամանակահատվածում էլ, ինչպես եւ այլ պարագաներում, Ալիեւը հայտնել է, թե «Թուրքիայի մոտեցումը անկեղծ չէ», նկատի ունենալով սպասվող եռակողմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հանդիպումը` քննարկելու էներգետիկ հարցեր:

«Guardian»-ը հրապարակել է նաեւ դիվանագիտական հաղորդագրություններ, որ մինչեւ Մեքսիկական ծոցում տեղի ունեցած հայտնի վթարը միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանում` 2008-ի սեպտեմբերին: Որպես Մեքսիկական ծոցից աղետից ոչ պակաս աղետ է նշվում գազի արտահոսքը Շահ-Դենիզ հանքավայրում: Ընդ որում, Ադրբեջանում տեղի ունեցած այս վթարը British Petroleum-ը ամեն կերպ փորձել է թաքցնել:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4