Հայրենի իշխանությունները տարին ավարտվում են պաշտոնանկությունների շարքով: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելայնի պաշտոնանկություններից հետո սպասելի էր, որ առաջիկայում նոր գործընթացներ կծավալվեն. կառավարության կազմը կփոխվի:
Նախագահի` կառավարության կազմում կադրային փոփոխություն իրականացնելու մտադրությունը փաստել է նաեւ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը. «Առաջիկայում ՀՀ կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ, որոնց մասին պատշաճ կարգով եւ ժամանակահատվածում կտեղեկացնենք», ասել է նա:
Թեպետ պաշտոնապես չի հաստատվել, սակայն երեկ նախագահը պաշտոնանկ է արել Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին: Երիցյանին այդ պաշտոնում կփոխարինի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ հանրապետության գլխավոր ֆինանսիստ կնշանակվի ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Տիգրան Դավթյանն արդեն աշխատել է էկոնոմիկայի ոլորտում: Նա էկոնոմիկայի նախարարություն վերանվանված առեւտրի եւ տնտեսության զարգացման փոխնախարարն էր: Սրանով պաշտոնանկությունների շքերթը չի ավարտվի:
Ամենայն հավանականությամբ առաջիկայում պաշտոնանակ կարվեն նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Պաշտոնանկվող նախարարների ցանկում շրջանառվում են նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անունները:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, Քուշկյանը պաշտոնանկ կարվի հունվարին, իսկ Աշոտյանին կփոխարինի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը:
Ինչպես «Ազգ» -ը նախօրեին նշել էր, երեկ կրկին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր նիստ` ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Իշխող կուսակցությունը քաղաքապետի երկու թեկնածուներից` «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյան եւ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, նախապատվությունը տվեց առաջինին: Այսօր Երեւան քաղաքի ավագանին կընտրի նոր քաղաքապետին:
Հ. Հ.