Դաշնակցության երկօրյա բոյկոտը խորհրդարանում ստիպեց կառավարությանը վերանայել իր դիրքորոշումն է ու դիմել զիջումների:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին նամակ է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից, որտեղ կառավարությունը արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 5 նախագիծ` 24 օրինագիծ դուրս է հանել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ` «Ճիշտ է, կառավարությունն ավելի հեշտությամբ զիջումների է գնում թուրքերի հետ, քան սեփական խորհրդարանի, բայց շնորհակալ ենք, որ 5 նախագիծ հանվել է» հայտարարությունը արժանացավ ՀՀԿ Գագիկ Մելիքյանի կոպիտ արձագանքին:
«Վրես չգոռաս», հակադարձեց Հովհաննիսյանն ու դրանով ՀՀԿ-ՀՅԴ փոխհրաձգության առաջին ռաունդն ավարտվեց:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ առաջարկեց կառավարությանն արտահերթ նստաշրջանից հանել նաեւ աղբահանության, կենսաթոշակաների եւ լեզվի օրինագծերը:
«Եթե չհանվի, պայքարի այլ մեթոդի կանցնենք», հավաստիացրեց Սաֆարյանը, ինչին ի պատասխանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Պայքարի ո՞ր մեթոդի»` միաժամանակ խոստանալով «ժառանգության» առաջարկությունը փոխանցել կառավարությանը:
«Ժառանգության» պահանջով հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետ Վահան Հովհաննիսյանը կրկին ելույթ ունեցավ` նշելով, որ մյուս խմբակցությունները իրենց երկօրյա բոյկոտի իմաստը չեն հասկացել:
«Մենք կարող ենք ցանկացած ֆորմատով ցանկացած օրինագիծ քննարկել, սակայն պատգամավորին հնարավորություն չի տրվում ծանոթանալ օրինագծին եւ առաջարկություն անել: Առաջարկության դեպքում էլ ժամանակն այնքան քիչ է, որ կառավարությունն ուղղակի չի հասցնի ծանոթանալ դրանց: 24 օրինագիծ է դուրս եկել այդ այլանդակ ռեժիմից: Արդյո՞ք պետք էր, որ դրա համար մի ողջ խմբակցություն բոյկոտեր, որ ԱԺ նախագահը բանակցությունների մեջ մտներ կառավարության հետ»:
Այնուհետեւ դաշնակցական մեկ այլ պատգամավորՙ Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` պատգամավորների մի մասին մեղադրելով անտեղյակության մեջ: «Շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ են քվեարկում: Կամ փորձում են հաճոյանալ կառավարությանը, կամ էլ վստահում են»:
«Դուք ձեր փոխարեն խոսե՛ք, նման հայտարարությունները կոռեկտ չեն, ձեր եւ ձեր խմբակցության մասին խոսեք», արձագանքեց ԱԺ նախագահը:
Նոր թափ ստացած ՀՀԿ-ՀՅԴ պայքարին միացավ Էդուարդ Շարմազանովը ` հորդորելով Դաշնակցությանըՙ հասարակությանն ու գործընկերներին թյուրիմացության մեջ չգցել: «Օրակարգում ներառված 35 նախագծերից 27-ը եղել են ԱԺ օրակարգում եւ հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացել», ասաց նա:
Ընդմիջման ժամանակ, սակայն, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հերքեց Շարմազանովի հայտարարությունը` հավելելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությամբ էլ` կառավարությունը հաճախ է հում եւ «անպատասխանատու» օրինագծեր ներկայացնում, սակայն դրանք չպետք է այս ձեւով քվերակության դրվեն. խմբակցությունները պետք է կարողանան ծանոթանալ, մարսել այդ օրինագծերը:
«Կառավարությունը շրջանցել է պատգամավորների ու հանձնաժողովների կարծիքները: Դա վիրավորական է»:
Հովհաննիսյանը նշում է, որ եթե կառավարությունը դրական է արձագանքել ու օրենքի 5 փաթեթ դուրս հանել օրակարգից, նշանակում է դրա անհրաժեշտությունը տեսել է:
Նա հավելում է, որ արդեն սովորույթ է դառնում ամանորյա տոների նախաշեմին կամ ամառային արձակուրդներից առաջ կարեւոր նշանակության օրենքներ բերելն ու «սղացնելը»:
Անդրադառալով խորհրդարանական մյուս ընդդիմության` «ժառանագության» դիրքորոշմանը, որ չէր միացել բոյկոտին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «ժառանգությունը» նրանց մեղադրել է, որ դաշտը թողել են իշխանությանը:
«Բայց արդյունքում մենք հաղթեցիք, իսկ անպատասխանատու ելույթները, որ լսում էինք նաեւ մեր ընդդիմադիր կոլեգաներից` փաստում էր, որ նրանք փորձում էին լեգիտիմացնել այն ինչի դեմ մենք պայքարում էինք»:
Արտախորհրդարանական ընդդիմության վերջերս հնչեցրած տեսակետին էլ, որ ՀՅԴ-ն կեղծ ընդդիմություն է, դրա լավագույն ապացույցը` կուսակցության 120-ամյա հոբելյանին նախագահ Սարգսյանի ներկայությունն էր, Հովհաննիսյանը նախ հայտարարեց, թե իրեն չի հետաքրքրում արտախորհրդարանական ընդդիմության կարծիքը ՀՅԴ-ի մասին: «Նրանց գործից չեմ տեսել, որ իրական ընդդիմություն լինեն: Միայն պրովոկացիա է, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մասնակցությանը տոնական համերգինՙ Հովհաննիսյանը ՀՅԴ-ն ներկայացրեց պետության մեջ աշխատող կուսակցություն, «եւ ով էլ լիներ նախագահը, նա պետք է հրավիրվեր: Դա ոչ թե իշխանության, այլ պետության հրավեր էր»:
Հ. Հ.