Նախագահը այցելեց «Գլաս ուորլդ քամփնի» եւ «Սիներջի»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց «Գլաս ուորլդ քամփնի» ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Հանրապետության ղեկավարը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ գործարանի ներդրումային եւ զարգացման ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում ընկերության սեփականատեր Արամ Քոչարյանը նշեց, որ գործարանը հիմնադրվել է 2004 թ. Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքերի վրա: 2004-2006 թթ. այն ամբողջովին վերակառուցվել ու վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով եւ հոսքագծերով:
Ըստ Ա. Քոչարյանի, առաջին արտադրանքը գործարանը տվել է 2006 թ. մայիսին` գործարկված երկու հոսքագծերով` 80 միլիոն ապակյա տարաներ տարեկան արտադրողականությամբ: Այս տարի գործարանում ներդրվել է եւս մեկ հոսքագիծ, ինչի արդյունքում արտադրողականությունը հասել է 120 միլիոն միավոր ապակյա տարաների:
Ա. Քոչարյանի խոսքով, գործարանի արտադրանքի 67 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, իսկ մնացած արտադրանքը սպառվում է Հայաստանում: Ըստ նրա, գործարանի վերագործարկմամբ զգալիորեն նվազել է ապակյա տարաների ներկրումը Հայաստան: Գործարանի սեփականատերը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց արտադրանքը մատակարարվում է այնպիսի ճանաչված ընկերությունների, ինչպիսին է «Բորժոմին» (տարեկան` 27 միլիոն շիշ), «Կոկա-կոլան», «Պեպսի-կոլան» (10 միլիոն շիշ), «Բելուգան» (2 միլիոն) եւ այն:
Ըստ Ա. Քոչարյանի, ընկերությունը նախատեսում է հաջորդ տարվանից նոր ծրագրեր իրականացնել, մասնավորապես` արտադրել ապակե տարաների համար օգտագործվող խցաններ, բարձրորակ պիտակներ, փաթեթավորման նյութեր եւ այլն: Ընդհանուր առմամբ այդ ծրագրերի իրականացման համար կներդրվի 17 միլիոն դոլար:
Երեկ նախագահն այցելեց նաեւ «ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձած» «Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմզ» (Սիներջի) ընկերության հայաստանյան մասնաճուղի բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Սերժ Սարգսյանը ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գրասենյակի պայմաններին, ընկերության ընթացիկ աշխատանքին ու առաջիկա ծրագրերին:
Ն. Մ.