Կարծում է Էդուարդ Թոփչյանը
Տարեվերջին տարբեր բնագավառների ներկայացուցիչներն անդրադառնում են տարվա ընթացքում իրենց ձեռքբերումներին ու բացթողումներին: Այնպես որ, մինչեւ Ամանոր այս թեմայով անթիվ-անհամար ասուլիսներ են կազմակերպվելու: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը : Թեեւ նվագախմբի համար ամբողջական տարի է համարվում է սեպտեմբերից մինչեւ հաջորդ տարվա օգոստոս ընկած ժամանակը, այնուամենայնիվ Էդուարդ Թոփչյանը փորձեց հիշել հունվարից մինչեւ երեկ կատարվածը: Խոսելով ձեռքբերումներից` Է. Թոփչյանը կարեւորեց հատկապես իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի ելույթը պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Նա շատ սիրեց մեր նվագախումբը, եւ նրա կարծիքը մեզ համար, հատկապես ինձ համար շատ կարեւոր է»: Ձեռքբերումներից հետո Էդուարդ Թոփչյանը խոսեց խնդիրներից, նրա խոսքով` հիմնական խնդիրը ֆինանսական միջոցներն են, ինչի պատճառով էլ երաժիշտները սկսել են հեռանալ Հայաստանից. «Կոնկրետ մեր նվագախմբից չտեսնված երաժիշտների ենք կորցնում, բայց նրանք տխրությամբ են հեռանում»: Է. Թոփչյանն ասում է, որ Հայաստանից երաժիշտների հեռանալը մի պահ դադարել էր, բայց հիմա նորից... Ճիշտ է, Էդուարդ Թոփչյանը դժգոհում է, բայց միաժամանակ նշում. «Ես շատ բարձր խոսելու իրավունք չունեմ, քանի որ մենք նույնիսկ նախագահից հովանավորություն ունենք»: Մաեստրոն չի համաձայնում այն կարծիքին, թե անփոխարինելի մարդիկ չկան. «Ժամանակն է հասկանալու, որ Հայաստանում կան անփոխարինելի մարդիկ, հատկապես արվեստի մեջ, եւ ամեն մեկին կորցնելով` մի տասնամյակ ենք կորցնում»:
Է. Թոփչյանը կարծում է, որ երգչախմբերը երգիչներով կհամալրվեն. «Ի վերջո, ամբողջ ազգը երգում է: Դերասաններ էլ միշտ կլինեն, սակայն երաժիշտ պատրաստելու համար 18 տարի է հարկավոր: Պետությունը գումարներ է ներդնում, երաժիշտները սովորում են ու գնում զարդարելու եվրոպական որեւէ նվագախումբ»: Մաեստրոն կարծում է, որ պետք է միջոցներ ստեղծել ու երաժիշտների աշխատավարձերը համապատասխանեցնել եվրոպական թեկուզ ցածր չափորոշիչներին. «Եթե կորցնենք այս երաժիշտներին, առաջիկա 50 տարիներին այդպիսիներին էլ չենք ունենա»:
Հարցին, թե պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտն ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, Էդուարդ Թոփչյանը պատասխանեց. «Միջինըՙ 500 դոլար, դրա համար էլ ասում եմ` բարձր խոսելու իրավունք չունեմ», բայց եթե երաժիշտը արտասահմանից 2500-3000 դոլար աշխատավարձով հրավեր է ստանում, ապա միշտ չէ, որ նա նախընտրում է Հայաստանը, եւ այդպես կորցնում ենք մեր լավագույն երաժիշտներին: «Աշխարհում միայն հայ երաժիշտներով կարող են 3-4 նվագախումբ հավաքել», ասում է Է. Թոփչյանը եւ ընդգծում. «Առանց արվեստ երկիր չի լինում: Մի կողմից մեր երկրի ուշադրությունից անչափ շնորհակալ եմ, բայց մեր երկրի օլիգարխները, որոնք ատում են Մոցարտին ու սիրում Գարուշիկին, պետք է շարժվեն իրենց տեղերից»:
Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի PR-ի վերաբերյալ Էդուարդ Թոփչյանը նշեց, որ Կարելի է փորձել PR անել եւ դահլիճ բերել անտեղյակ մարդկանց. «Իմ նախորդն այդպես արեց, բայց տեսանք, որ դա արդյունք չի տալիս»: Ռուզան Սիրունյանն ավելացնում է, որ նման դեպքերում համերգներին ուսանողներ են գալիս, որոնք խոսում են, խանգարում կողքիններին. «Երբեմն հսկիչները ստիպված են լինում նրանց դուրս հրավիրել»: Էդուարդ Թոփչյանը կարծում է, որ պետք է նոր սերունդ ստեղծել եւ կրթել. «Իսկ մեր երաժշտական դպրոցների ու կոնսերվատորիայի վարած քաղաքականությանը ես չեմ հավատում: Օրինակ` Սայաթ-Նովայի անվան դպրոցը չգիտեմ ինչի է վերածվել, խոռի կենտրո՞ն է, ի՞նչ է»:
Ասուլիսը մի տեսակ հոռետեսական տրամադրության մեջ անցավ, սակայն Էդուարդ Թոփչյանն իրեն հոռետես չի համարում, ասում է, որ լավատես է, բայց միաժամանակ նաեւ իրատես:
Ի. Պ.