Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկ անդրադարձավ 2010 թվականի իրենց ձեռքբերումներին: Ամփոփիչ ասուլիսը հրավիրվել էր Ազգային կինոկենտրոնում: Գեւորգ Գեւորգյանի կարծիքով` իրենց համար տարին հաջող ավարտ է ունենում: Կինոկենտրոնը կազմակերպել եւ իրականացրել է մի շարք կինոծրագրեր` ուղղված ազգային կինոյի պահպանմանն ու տարածմանը: «Մեր հիմնական ծրագրերից մեկը կինոֆիլմերին աջակցելու ծրագիրն է», նշեց Գեւորգ Գեւորգյանը: Կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել համատեղ արտադրությամբ նկարահանվող ֆիլմերին եւ հայկական ֆիլմերը ներկայացրել միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում: «Տարվա կեսից էլ նախաձեռնեցինք «Կինոաշունը», որը լայն արձագանք ստացավ», ավելացրեց կինոկենտրոնի տնօրենը: «Կինոաշունը»` ազգային կինոյի ամիս ծրագիրը, այս տարի առաջին անգամ էր կազմակերպվում, բայց այսուհետեւ հոկտեմբերը կդառնա ազգային կինոյի ամիս, եւ ամեն տարի մեկ ամիս շարունակ հայկական ֆիլմեր կցուցադրվեն: Այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնելու հայկական ֆիլմերի ցուցադության ավանդույթը: Միայն սոցիալական կաքերում շուրջ 30 հազար այցելուներ ծանոթացել ու հետաքրքրվել են ֆիլմերի ցուցադրությամբ: Այս տարի կինոկենտրոնը նաեւ թողարկել է Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերից 500-ական DVD-ները: Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրեց, որ բացի կինոփառատոներից մասնակցել են նաեւ Կաննի ու Մոսկավայի կինոշուկաներին. «Կարծում եմ` Մոսկվայի կինոշուկան հաջող չէր մեզ համար»: Մասնակցությունը Կաննի կինոշուկային Գեւորգ Գեւորգյանն ավելի հաջող գնահատեց.«Արդեն 2-րդ տարին էր, որ մասնակցում էինք Կաննի կինոշուկային, որի շնորհիվ այսօր առաջարկ ունենք անիմացիոն լիամետրաժ 3D համակարգով ֆիլմ արտադրելու: Այդ ուղղությամբ հիմա բանակցություններ են տարվում հնդկական մի ընկերության հետ: Կարծում եմ մյուս տարի կսկսենք մեր առաջին անիմացիոն լիամետրաժ 3D համակարգով ֆիլմի արտադրությունը»:
Գեւորգ Գեւորգյանը տարեվերջին լավատեսորեն էր տրամադրված, ասաց, որ կինոարտադրության մեջ ինչ-որ չափով տեղաշարժ կա. «Փորձում ենք ներգրավել նաեւ երիտասարդներին: Նրանց մասնակցությամբ կինո նոր շունչ ու նոր որակ կմտնի»: Կրկին անդրադառնալով ցուցադրություններին` բանախոսն ասաց, որ պետք է ներգրավել նաեւ մարզերն ու համայնքները: «Մարզպետների հետ մարզերում պետք է կարողանանք ստեղծել կենտրոններ եւ դահլիճներ, որտեղ հնարավոր լինի պարբերաբար ֆիլմեր ցուցադրել»: Ազգային կինոկենտրոնի հիմնական նպատակներից է կինոն հասանելի դարձնել հանրությանը եւ կինոյի միջոցով փոխել մարդկանց մտածելակերպը:
2011 թվականին եւս Ազգային կինոկենտրոնը տարբեր ծրագրեր է իրականացնելու. հրատարակելու է թերթ, տարեվերջին ազգային կինոյի մրցանակաբաշխություն է իրականացնելու, ընդլայնելու է «Կինոաշուն ծրագիրը»: Տարվա ընթացքում նաեւ հատուկ ծրագիր է պատրաստվելու Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Ի. Պ.