«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՂԲԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրն այսօր աղբահանությունն է: Կարծում եմ, որ Հայաստանի սոցիալական լրջագույն պրոբլեմներից մեկը աղքատության եւ աղբի միջից սննդամթերք հայթայթելու` մուրացկանության խնդիրն է: Այսինքն` այսօր մենք պետք է քննարկենք ոչ թե աղբահանության խնդիրը, այլ այնպիսի լրջագույն հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթի, դեմոգրաֆիայի, աղքատության, ստվերային տնտեսության դեմ պայքարի խնդիրները եւ այլն: Եվ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշակի զանգված իր ունեցվածքը աղբի տեսքով շպրտում է դուրս, իսկ որոշակի մարդիկ սնվում են հենց դրա հաշվին: Այսինքնՙ կա երկու Հայաստան` աղբից սննդամթերք հայթայթողների Հայաստան եւ Հյուսիսային պողոտայի գերեզմանային լռության Հայաստան` իբր շքեղ Հայաստան, ո՞վ պետք է մտածի այս կոնֆլիկտի մասին, սա երկրի համար ամենավտանգավոր երեւույթն է»: Կարծում եք այս տողերի հեղինակը սոցիալական թեմայով գրող որեւէ լրագրո՞ղ է կամ սոցիալական գաղափարախոսությամբ կուսակցության ներկայացուցչի` հասարակության ականջին հաճելի ելո՞ւյթ: Ոչ, սա անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքն է, առիթը` «Աղբահանության եւ սանմաքրման օրենքի»` երկրորդ ընթերցմամբ քննարկվող փոփոխությունների նախագիծն էր, որ իր բազմածավալ փաթեթների շարքում արտահերթ նիստի էր ներկայացրել կառավարությունը: Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողովում շարունակեց երեկ այս ոգով իր ելույթը, նշելով, որ ՀՀ-ում պաշտոնապես 900 հազ. քաղաքացի աղքատ է, իսկ 100 հազարն ավելի աղքատ, մոտ 1 մլն մարդ` պաշտոնական տվյալներով աղքատ է ՀՀ-ում. «Այսինքն` երկրում եւ ուղղակի, եւ փոխաբերական իմաստով կուտակվել է մեծ քանակությամբ աղբ` տարբեր բնագավառներից, եւ բիզնեսից, եւ քաղաքականությունից, եւ գիտությունից, եւ պետք է տեղափոխել, կամ պատկերավոր ասած` մաքրել երկրի ավգյան ախոռնեը: Այդ հարցերը պետք է քննարկենք: Այդ աղբի վայրերը մուրացկանների կողմից զոնաների են բաժանված, այսինքն` ազդեցության ոլորտների: Եվ այս պայմաններում ակադեմիական քննարկումներ կազմակերպել, լուրջ դեմքերով, ես ուղղակի անհասկանալի եմ համարում: Հայաստանում կարող է տեղի ունենալ սոցիալական պայթյուն, իսկ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդագույն վիճակում եւ նիրհող պատերազմում», եզրափակեց Դալլաքյանը` նշելով, որ այս տեսքով դեմ է քվեարկելու նախագծին: Նշենք, որ նախագծով եւ հարակից փաթեթով, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի ներկայացմամբ, բնակարաններում հաշվառված անձանցից յուրաքանչյուրի համար առավելագույն ամսական 500 դրամ աղբահանության վարձ է սահմանվում, իսկ եթե տվյալ հասցեում հաշվառված անձ չկա` մեկ անձի դրույքաչափով: Ըստ անշարժ գույքի մակերեսի էլ առավելագույնը 50 դրամ է սահմանվում:

Օրենքի ընդդիմախոս դաշնակցականներն ու ժառանգականները գտնում էին, որ երկրորդ ընթերցմամբ այս օրենքն այնքան է խեղաթյուրվել, որ դարձել է վճարի չափ սահմանելու գործիք, մինչդեռ ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենք պետք է լիներ: Օրենքում միասնական ռազմավարություն չկա, նախագիծն այս տեսքով ընդունել չի կարելի` ոլորտն ուսումնասիրության եւ հայեցակարգային մոտեցումների կարիք ունի, իսկ հապշտապ քննարկումները թույլ չեն տալիս հասկանալ այս բոլորը. «Սա օրենք է կազմակերպված կողոպուտի մասին` Հայաստանի քաղաքացու գրպանից», այսպես գնահատեց փաթեթը Ստյոպա Սաֆարյանը : Պատգամավորները կասկածներ ունեին, որ աղբահանության վարձը ոչ թե 250 կամ 300 դրամ կսահմանվի տեղերում, այլ` հենց 500, որ լրացուցիչ բեռ դառնալով ընտանեկան բյուջեի համար, մանավանդ դա պարտադիր վճար է, իսկ բնակչի հետ պայմանագիր օպերատորը չի կնքում. վճարում է բնակիչը, իսկ նրա վճարելու վերաբերյալ պայմանագիրը կնքում են տեղական ինքնակառավարման մարմիններն ու օպերատորը:

Օրենքի քննարկումն այնքան շիկացավ, որ այս երեք օրվա ընթացքում ընդդիմադիր եւ կոալիցիոն լիցքերը հանգուցալուծվեցին Ստեփան Սաֆարյան-Գալուստ Սահակյան ակնարկափոխանակության մեջ: Բոլոր, եւ այս օրենքի եւս ակտիվ ընդդիմախոս «Ժառանգության» ելույթները նկատի առնելով` ամբիոն բարձրացավ ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ բավական խիստ տոնով եւ նկատի ունենալով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, որ 2-3 օր իրենք իրենց ելույթներում պայքարում են, արդյունքում կառավարությունը հետ է վերցնում օրենքների մի մասը, նկատեց. «Ես կարծում եմ, որ մարդիկ կարող են նաեւ հիվանդ լինել, բայց տա նաեւ Աստված, որ կատարյալ հիվանդ չլինեն...Երբ օրակարգը եկել է` նախքան գալը շատ բաներ հանվել են, գալուց հետո էլ` հանձին քաղաքական կոալիցիայի, մասնավորապես Աժ նախագահի հորդորներով, բավական բաներ հանվել են... Հիմա կտրիճ Դավոյի պես իջնում են լեռներից ներքեւ: Ժողովուրդը հետեւյալն է ասումՙ եթե թանի մեջ ճանճ է ընկնում, որեւէ մարդ այդ թանը չի խմում, բայց դա չի նշանակում, որ թան խմելու իրավունք չունի: Ստիպված, նախ ճանճի պրոբլեմներն են լուծում եւ նոր թանը խմում: Եթե դա էլ չի կարողանում, ստիպված ձմռանն է խմում, որովհետեւ ճանճեր չկան», այլաբանորեն վիճակը պատկերեց Գալուստ Սահակյանը ` կոռեկտության կոչ անելով ընդդիմախոս պատգամավորներին: Իսկ Աժ նախագահն այլ դիտանկյունից նայեց խնդրին` նա մեկ անգամ եւս համոզվեց այս դեբատներով, որ Ազգային ժողովը որպես բազմակարծության ամբիոն կայացել է: Իսկ ճանճը խոսակցության գործող անձ դարձավ այն պահից, երբ «Ժառանգության» ղեկավար Ստեփան Սաֆարյանին ելույթի ժամանակ խանգարող ճանճը բավական զվարճացրեց հանրապետականներին:

Երեկ, ի դեպ, փաթեթի քվեարկությունը չկայացավ, քանի որ չնայած ԱԺ նախագահը երկու անգամ քվեարկության դրեց հարցը, երկու անգամ էլ ընդամենը 57 եւ 60 կողմ հավաքեց, իսկ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն քվեարկությանը չմասնակցեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4