Կարեն Կարապետյանը` Երեւանի 53-րդ քաղաքապետ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առանց որեւէ տհաճ միջադեպի ու անակնկալի, հանգիստ մթնոլորտում, երեկ հաստատվեց այն, ինչի մասին արդեն մի քանի օր գրում էր մամուլը: 50 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Երեւան քաղաքի ավագանին «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին ընտրեց Երեւանի քաղաքապետ: Հիշեցնենք, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ստիպել էին հրաժարականի դիմում ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու համար:
Ընտրապայքարի սրություն եւ մրցակցություն որպես այդպիսին չկար, որովհետեւ ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում թեկնածու չէր առաջադրել` հիմնավորմամբ, որ ՀՀԿ-ն ավագանու կազմում մեծամասնություն է կազմում:
Հետեւաբար, մեկ թեկնածուի պարագայում, եթե անգամ ԲՀԿ-ն դեմ քվեարկեր, Կարապետյանը կդառնար քաղաքապետ:
«Շնորհակալություն վստահության համար, ամեն ինչ կանեմ` արդարացնելու ձեր վստահությունը: Կարծում եմ` կկարողանանք ներմուծել մունիցիպալ կառավարման նոր մշակույթ, որից գոհ կլինեն մեր բնակիչներն ու քաղաքի հյուրերը», ասաց Կարապետյանը` խոստանալով Երեւանը դարձնել ժամանակակից քաղաք` իր ձեռագրով:
Առաջին քայլը քաղաքապետի պաշտոնը ստանձնելն է: Մոտ ժամանակներում էլ կներկայացնի քաղաքի զարգացման նոր ծրագիր:
«Կլինի՞ արդյոք վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն» հարցին նորընտիր քաղաքապետը պատասխանեց հետեւյալ կերպ. «Կադրային ջարդ, ցեղասպանություն մայրաքաղաքում չի լինի: Բայց կլինեն խաղի կանոններ ու կլինեն պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր այդ պահանջներին կդիմանան, կմնան, ովքեր` ոչ, կգնան»:
Թե ո՞րն է ավելի հոգեհարազատ` «Հայռուսգազարդի» ղեկավար լինելը, թե՞ Երեւանի քաղաքապետ, Կարապետյանը ասաց, որ սիրում է «Հայռուսգազարդը»` այն համարելով երկրի լավագույն ընկերություններից:
«Բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ կարիք ունի իր ոլորտը փոխելու, թարմ աչքով նայելու: Իսկ ընդհանրապես կառավարման գիտությունը նույնպես գիտություն է, եւ հստակ բան է, երբ կարողանում ես առարկան մոդելավորել` ինչ պետք է կառավարես, շատ հավանական է, որ օպտիմալ լուծումներ կգտնես»:
Նորընտիր քաղաքապետը խոստովանում է, որ իր համար անսպասելի էր քաղաքապետի պաշտոնում առաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:
«Համակրում եմ Հանրապետական կուսակցությանը, բայց որոշում, որ կհամալրեմ` չունեմ»: Խոսակցություններն էլ, թե ՀՀԿ որոշումը ուղղորդված էր Մոսկվայից, քաղաքապետը հերքում է:
Անդրադառնալով նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աշխատանքին` Կարապետյանն այն դրական գնահատեց` հավելելով, որ հաջողված քայլեր է կատարել: «Երեւի յուրաքանչյուր քաղաքապետ, որ գալիս է, նախկին քաղաքապետի ծրագրերը, որ հաստատված են, շարունակելու է»:
Հարցին էլ, թե ինչու նախկին քաղաքապետը չի մասնակցում ընտրություններին, Կարապետյանն ասաց. «Կարծում եմ` Գագիկ Բեգլարյանը ներկա չէ ընտրություններին հարգելի պատճառներով»:
Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասիՙ քաղաքապետն իր լիազորությունները կստանձնի ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը: Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին ավագանու նիստում տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը: