Պալմա դե Մալյորկա վարչական կենտրոնով իսպանական` ինքնավար կարգավիճակ ունեցող Բալիարեսի կղզիների խորհրդարանը երեկ ճանաչել է «իրադարձությունները` 1915-21-ին Օսմանյան կայսրությունում»` որպես հայերի ցեղասպանություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ինքնավարություններից Բասկոնիայի եւ Կատալոնիայի խորհրդարանները նույնպես ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ այս օրերին Իսպանիայի արտգործնախարար Տրինիդադ Խիմենեսի հրավերով Մադրիդում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից` այցի հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված ներուժ. «Այս տարի մենք Մադրիդում դեսպանատուն բացեցինք, ինչը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման Հայաստանի ցանկությունն է», ասել է Նալբանդյանը` Խիմենեսին հրավիրելով փոխադարձ այց կատարել Հայաստան: Տիկին նախարարը` 2011-ի առաջին կեսին կլինի մեր երկրում: Նախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել` ԵՄ-Հայաստան հարաբերություններին, իսկ երկկողմ հարաբերությունների խորացման առումով կարեւորվել է ուղիղ օդային հաղորդակցության ապահովումը:
Հ. Ա.