«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՇԻԱՑՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Որոշ բացահայտումներ է կատարել ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունը

Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության արդյունքները երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը : Նա տեղեկացրեց, որ վարչությունը ստուգումներ է իրականացնում պետական կամ պետական մասնակցություն ունեցող օբյեկտներում: Համաձայն այդ ստուգումների, 2009-2010 թվականներին վերականգնվել կամ վերաձեւակերպվել է 12,6 մլրդ դրամ, (որից 8,4 մլրդ դրամը 2010-ին) 2007-2008 թվականներին վերականգնված մոտ 1,9 մլրդ դրամի դիմաց: Այսինքն, ըստ Սոնա Ղարիբյանի, վերջին երկու տարիներին վերականգնված գումարը գերազանցել է նախորդ երկու տարիներինը 7 անգամ: Միաժամանակ, վարչության պետը նշեց նաեւ, որ 2010-ին իրականացվել են 60 ծրագրային ստուգումներ, որը 2007-ի համեմատ 5 անգամ ավելի քիչ է, բայց արձանագրված գումարները 2007-ի համեմատ ավելացել են 50 տոկոսով:

Ըստ ոլորտների, կրթության ոլորտում վերականգնվել է 160 մլն դրամ 10 բուհերում, որոնցում ներկայացվել էին ավելի շատ թվով ուսանողներ եւ ավելի մեծ ծախսեր, քան իրականում է:

Հաջորդ ոլորտը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինությունն է, որտեղ 2009-ի վերջին ուսումնասիրվել է 26 ճանապարհների շինարարությունը: Անցկացված ստուգումներից պարզվել է, որ կապալառու կազմակերպությունների կողմից պահանջվել է 6,8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչության ուսումնասիրություններով այդ գումարը պահանջվածից ավելի է 5 մլրդ դրամով: Միաժամանակ, ճանապարհների պահպանումն ու շահագործումն իրականացվել է առանց պահանջարկը հաշվի առնելու: Այսինքն, կապալառուները ձյան մաքրելու համար պահանջել եւ ստացել են գումարներ, չնայած ձյուն չի եկել:

Քաղաքաշինության ոլորտում եւս նմանատիպ խախտումներ են եղել, որոնք արձանագրել է ֆիննախարարության վերոնշյալ վարչությունը: Արդյունքում, 1 մլրդ դրամով նվազեցվել է բյուջեից տրամադրվող գումարը:

Երեւանի ոսկերչական գործարանում, որի 80 տոկոսը պետական է, 2 մլրդ դրամի գումար է վերականգնվել, որը հաշվեկշռից պարտքը դուրս գրելու հետեւանքով էր: Սոցիալական ապահովության ոլորտում եւս նվազեցվել են այն գումարները, որոնք նախարարությունը պահանջել է, հաշվի չառնելով իրական պահանջարկը: Մասնավորապես 6 գիշերօթիկների համար ներկայացվել է ավելի գումար, քան այնտեղ սովորողների թվի համար է նախատեսված: Այստեղ վերականգնվել է 160 մլն դրամ: Նույն կերպ նվազեցվել են հաշմանդամների, մանկատան սաների անվան տակ պահանջվող գումարները, քանի որ իրական թվին ոչ համապատասխան գումարներ են պահանջվել:

  «Ազգի» հարցին, թե ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունը չե՞ն կրկնում միմյանց գործառույթները, Սոնա Ղարիբյանը պատասխանեց, որ իր ղեկավարած վարչությունը միայն բյուջեի ծախսերի ներքին հսկողությունըՙ ներքին աուդիտն է իրականացնում, իսկ Վերահսկիչ պալատըՙ արտաքին հսկողությունը: Մեր մյուս հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են առաջարկվել, որ նման կարգի խախտումներ հետագայում չլինեն, ֆինանսների նախարարության վարչության պետն անորոշ պատասխան տվեց, ասելով, որ յուրաքանչյուր կառույց պետք է ղեկավարվի իր նորմատիվային ակտերով:

  «Ազգի» հաջորդ հարցն այն էր, թե ո՞րն է պատճառը, որ 2009-2010-ին ավելի շատ գումարներ են վերականգնվել, քան 2007-2008-ին, ֆինանսական վերահսկողության վարչությո՞ւնն է այժմ ավելի լավ աշխատել, թե՞ այն ժամանակ խախտումներն են ավելի քիչ եղել: Սոնա Ղարիբյանն այս հարցին խուսափեց ըստ էության պատասխանելուց, ասելով, որ ինքը պետական համակարգում աշխատում է 2008-ի դեկտեմբերից:

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել այն տխուր իրողությունը, որ, շատ հաճախ, դժվարությամբ հավաքված հարկերը նույն պետական կառույցները պարզապես մսխում ու փոշիացնում են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4