«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԽԱՉԵՐՈՎ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ

ՀՌԱՀ որոշումը` ԱԼՄ-ին զրկել եթերից, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը որակում է ակնհայտ կեղծիք: Կարապետիչը «Երեւան» հեռուստաընկերության դեմ ոչինչ չունի, սակայն իր հեռուստաընկերության առավելությունները չշեշտել չի կարող:

Հանձնաժողովի ներկայացրած փաթեթի 6 կետերն էլ «ԱԼՄ»-ն բավարարել է: «Մեր ֆինանսական ներդրումը կազմում է 600 մլն դրամ, «Երեւան TV»-ինը` 400: Նրանք ունեն 42 աշխատող, ես` 83: Նրանք շենք չունեն, մենք` ունենք», երեկ ասաց նա ՄԱԱ-ում:

Նրա գնահատմամբՙ հաղորդումների առումով էլ «ԱԼՄ»-ն առավելություն ունի: Այս ամենը վերլուծելովՙ «ԱԼՄ» հոլդինգի նախագահը զարմացել է, որ ՀՌԱՀ-ը նախապատվությունը տվել է «Երեւանին»:

Կարապետյանը համոզված է` որոշումն ակնհայտորեն քաղաքական էր, վերջին պահին հանձնաժողովին վերեւից զանգել են ու հրամայելՙ «ԱԼՄ»-ին եթեր չտրամադրել: Կատարված անարդարության դեմ Կարապետիչն իր մեթոդներով կպայքարի: Եթեր վերադառնալու համար կդիմի բոլոր հավանական եւ անհավանական տարբերակներին` դատական ատյաններից մինչեւ եվրոդատարան: Նախընտրական շրջանում մարզերում կհանդիպի մարդկանց հետ, օնլայն հանդիպումներ կունենա, մարզային հեռուստաընկերություններից մեկում էլ նախապատրաստվում է բաժնեմաս ունենալ, որպեսզի «հաճույք չպատճառի իրեն եթերից զրկողներին»: Մարզային հեռուստաընկերությունում բաժնեմաս ունենալու համար նա արդեն դիմել է ռուսաստանաբնակ իր ընկերներին, ովքեր խոստացել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Անարդարության դեմ Կարապետիչը որպես զենք կօգտագործի խաչը:

«Խաչն եմ առաջ բրդելու. որ տեսնում ես չարին, պետք է խաչը դեմ տաս: Ես խաչն եմ դեմ տալու: Մենք մոմավառություն ենք կազմակերպելու խաչերով: Ես բնիկ երեւանցի եմ, եւ այս օյինբազությունները, ամեն ինչ մեզանով անելը չեմ ընդունում»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4