«Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը վճարում է հայաստանյան տարբեր բուհերում սովորող 150 ուսանողի ուսման վարձը: Երեկ այս մասին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Երեւանից ու տարբեր մարզերից ընտրվել են 150 ուսանողներ, որոնք օգտվելու են «Վիվասել-ՄՏՍ»-ի կրթաթոշակային երկարաժամկետ ծրագրից: Կրթաթոշակային այս ծրագիրն աջակցում է հատուկ կարիքներ ունեցող ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին ու երկրորդ կուրսի ուսանողներին: Մինչեւ ուսման ավարտն ընկերությունը պատրաստ է օժանդակելու այդ ուսանողներին, բայց պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին եւ փոխադրվեն հաջորդ կուրս:
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում երեկ հավաքվել էին այն ուսանողները, որոնք օգտվելու են կրթաթոշակային ծրագրից, բայց մինչեւ գրասենյակ գալը ուսանողները չգիտեին, թե ինչո՞ւ էին կանչել իրենց: Տնօրենի հայտարարությունն անակնկալ էր նրանց համար: Ուսանողներից բացի ներկա էին նաեւ տարբեր բուհերի ղեկավարներ:
«Մենք պատասխանատու ընկերություն ենք ու միշտ պետք է կանգնած լինենք մեր հասարակության ու ժողովրդի կողքին, եւ ուսանողներն էլ մի մասն են մեր հասարակության: Հետեւաբար ցանկացանք մեր «Կարիերայի զարգացման ծրագրի» շրջանակներում եւս մի ուղղություն ավելացնել ու մեր հովանավորության տակ ընդգրկել 150 ուսանողների», ասաց Ռալֆ Յիրիկյանը: Ծրագիրը նպատակ ունի ուսման ողջ ընթացքում հատուցելով ուսման վարձը` խոցելի խմբերի ուսանողության համար հասանելի դարձնել կրթությունը: Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ընկերությունը ուսանողների մասին տվյալներ է հավաքել, վերստուգել դրանք համոզվելու համար, որ տվյալ ուսանողներն իսկապես սոցիալապես անապահով ընտանիքներից են. «Նաեւ գրավոր դիմումներ էինք ստանում: Կցանկանայինք ընտրել ավելի շատ ուսանողների, սակայն մեր երկրում միայն «Վիվասել-ՄՏՍ»-ն չէ... Միեւնույն ժամանակ ուզում էինք սա իբրեւ պատգամ հղել աշխատող այլ ընկերություններին, որպեսզի իրենք էլ ձեռք մեկնեն ուսանողներին»:
Ամանորի նախաշեմին ընկերությունն իսկապես անակնկալ մատուցեց ուսանողությանը, ինչը չէր սահմանափակվում միայն կրթաթոշակային աջակցության ծրագրով: Վիճակահանության միջոցով ներկա ուսանողներին ընկերությունը տվեց 9 հեռախոս, 7 շարժական համակարգիչ եւ 2 հեռուստացույց: Ուսանողների անուններն ընտրվեցին վիճակահանությամբ` պատահականության սկզբունքով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ